Մինչև հիմա պատասխան չունենք, թե Պրահայում ինչի դիմաց Արցախը հանձնվեց․ Արթուր Խաչիկյան

02 Սեպտեմբերի 2024, 22:50

Կարծիք | Քաղաքականություն

Հայ ազգի մեջ գտնվեց մի մարդ, ով կարծում է, որ արցախցիների վերադարձն իրենց հայրենիք հակասում է հայ ժողովրդի շահերին։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

«Շատ դժվար է մեկնաբանել մի մարդու խոսքերն, ով անընդհատ փոխում է իր խոսքն ու դիրքորոշումը՝ մեկ ասելով, թե Արցախը Հայաստան է, հետո Ադրբեջանինն է, մեկ ասում է՝ սա մեր Սարդարապատն է, հետո ասում՝ սա մեր գործը չի, կամ գնում է Պրահա ու անսպասելիորեն Արցախը հանձնում, և մինչև հիմա չի կարողանում պատասխան տալ այն հարցին, թե ինչու դա արեց, և ինչ ստացավ դրա դիմաց։ Այս մարդիկ գտնվում են Արևմուտքի, Իսրայելի և Թուրքիայի ազդեցության տակ, և նրանք ասում ու անում են այն, ինչ իրենց կարգադրում են։

Ինչ վերաբերում է Արցախի բնակչության վերադարձին նշեմ՝ շատ հետաքրքիր է, որ հայ ազգի մեջ գտնվեց մի մարդ, ով կարծում է, որ արցախցիների վերադարձն իրենց հայրենիք հակասում է հայ ժողովրդի շահերին։ Եվս մեկ ռեկորդ սահմանեցինք։ Այսպիսի ղեկավարություն պատմության մեջ չեմ հիշում, որը կասի՝ իմ ժողովրդի վերադարձն այնտեղ, որտեղ հազարամյակներով ապրել են նրանք, եղել են մեր եկեղեցիները, որտեղ Գանձասար, Ղազանչեցոց կա, հակասում է մեր շահերին։ Ես ամաչում եմ, որ մենք այպիսի ղեկավարություն ունենք, ու դա թշնամին տեսնում է»,- նշեց նա։

Քաղաքագետն ընդգծեց՝ կան մի շարք հարցեր, որոնք մինչ օրս անպատասխան են մնում, օրինակ, ինչ շահեց Հայաստանն Արցախը հանձնելով։

«Մինչև հիմա պատասխան չունենք, թե Պրահայում ինչի դիմաց Արցախը հանձնվեց։ Ինչ տվեցին Հայաստանին, որ նա որոշեց գնալ այդ քայլին, ինչու մենք հրաժարվեցինք նոյեմբերի 9-ի պայմանագրից, երբ հույս կար, որ հայերը ինչ-որ ինքնավարություն կարող էին ստանալ ապագայում։ Ռուսաստանն ասում էր՝ մի շտապեք, բայց նրանք հրահանգ ստացան Արևմուտքից հանձնել Արցախն ու Հայաստանը ենթարկել Թուրքիային ու Ադրբեջանին։ Հասել ենք այն օրին, որ մեր հարևան պետության ղեկավարը պահանջում է փոխել մեր իսկ սեփական երկրի Սահմանադրությունը, Պուտինի հետ որոշում է, թե ինչ է լինելու Զանգեզուրի միջանցքի ապագան, և մենք առաջին քայլերն ենք անում այն զիջելու։ Մեր մեջքի ետևում որոշում են Հայաստանի ապագան, ու հասանք նրան, որ ռուսոֆոբները ՌԴ-ին դարձրին մեր թշնամին ու մտերմացրին Ադրբեջանի՝ մեր թշնամու հետ»,- եզրափակեց Խաչիկյանը։