Մինչև հուլիսի 11-ի առավոտյան Արցախի ողջ տարածքում կապահովվի շուրջօրյա էլեկտրամատակարարում
09 Հուլիսի 2023, 14:57
Մինչև հուլիսի 11-ի առավոտյան Արցախի ողջ տարածքում կապահովվի շուրջօրյա էլեկտրամատակարարում:
«Հաշվի առնելով Հայաստանից Արցախ գազամատակարարման վերականգնումը և նաև վառելիքի խիստ սղությամբ պայմանավորված ավտոգազալիցքավորման մեծ պահանջարկը՝ կառավարության կողմից որոշում է կայացվել մինչև հուլիսի 11-ի առավոտյան Արցախի ողջ տարածքում ապահովել շուրջօրյա էլեկտրամատակարարում: Դրա շնորհիվ հնարավոր կլինի կազմակերպել ավտոգազալցակայանների շուրջօրյա աշխատանքը և հնարավորինս մեծ քանակի մեքենաների գազալիցքավորումը:
Նշված ժամկետում էլեկտրաէներգիայի լրացուցիչ ծավալի մատակարարումը կազմակերպվելու է Սարսանգի ջրամբարի պաշարների լրացուցիչ օգտագործմամբ էլեկտրաէներգիայի արտադրանքի ծավալի ավելացման շնորհիվ: Հուլիսի 11-ից էլեկտրամատակարարման համակարգը կրկին գործելու է վեցժամյա հովհարային անջատումների նույն ժամանակացույցով, քանի որ Ադրբեջանը հունվարի 9-ից ի վեր շարունակում է խափանած պահել Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը:
Խնդրում ենք բոլորին հնարավորինս խնայողաբար օգտագործել էլեկտրականությունը՝ խուսափելու համար ցանցի լրացուցիչ ծանրաբեռնվածությունից ու վթարներից: Իսկ ավտոգազալցակայանների աշխատակիցներին ու մեքենաների վարորդներին հորդորում ենք հետևել անվտանգության ու ճանապարհատրանսպորտային երթևեկության բոլոր կանոններին՝ խուսափելու համար պատահարներից ու ավելորդ հերթերից»,- ասվում է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունում: