Մինսկում ներկայացվել է «Մաջարյան․ հայկական տոհմը Բելառուսի պատմության մեջ» գիրքը

18 Մարտի 2024, 09:46

Կրթություն

Բելառուսի ազգային գրադարանում տեղի է ունեցել «Մաջարյան.հայկական տոհմը Բելառուսի պատմության մեջ» գրքի շնորհանդեսը, որը հրատարակվել է հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության «Անիվ» հիմնադրամի կողմից Հանրապետության ազգային պատմական արխիվի հետ համատեղ։

Այս գիրքը նվիրված է Մաջարյան ջուլհակների տոհմի պատմությանը, որոնք ստեղծել են Բելառուսի ազգային խորհրդանիշը ՝ հայտնի «Սլուցկի գոտիները»։ Գիրքը պատմում է հայր և որդի Յան և Լեոն Մաջարյանների մասին։

Գիրքն ընթերցողներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու Սլուցկ քաղաքում արտադրվող հայտնի գոտիների մասին, որոնք հայկական, արևելյան և բելառուսական մշակութային ավանդույթների յուրօրինակ սինթեզ են՝ միավորելով հայ և բելառուս ժողովուրդներին։ Գրքում հրապարակվել են բազմաթիվ թեմատիկ փաստաթղթեր, ինչպիսիք են կալվածքների գույքագրումը, տեղեկանքները, պայմանագրերը, Յան և Լեոն Մաջարյանների անձնական նամակները։

Միջոցառմանը ներկա են եղել Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը, Բելառուսի Ազգային գրադարանի գլխավոր տնօրենի տեղակալ Լյուդմիլա Վիսոցկայան, «Անիվ» հիմնադրամի գլխավոր տնօրեն և համահիմնադիր Արմեն Խեչոյանը, պատմաբան Իգոր Մարզալյուկը, դիվանագիտական կորպուսի, հայ համայնքների ներկայացուցիչներ, մշակույթի և արվեստի գործիչներ: