Մինսկի խմբի լուծարման մասին խոսակցությունները պարզապես կատարված փաստի արձանագրում են. Դմիտրի Ռոդիոնով
18 Ապրիլի 2025, 23:40
Միջազգային հարաբերությունների ինստիտուտի աշխարհաքաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դմիտրի Ռոդիոնովը Alpha News-ին մեկնաբանել է Մարիա Զախարովայի հայտարարությունն այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է իր արդիականությունը և Ադրբեջանի ու Ռուսաստանի դիրքորոշումների համընկնումը։
«Բանն այն չէ, որ Ռուսաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները համընկնում են, այլ այն, որ այս դեպքում Ռուսաստանը նայում է փաստերին և ընդունում այն իրականությունը, որն առկա է այս պահին: Իրականությունն այն է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանը դադարեցրեց որևէ փոխգործակցություն Մինսկի խմբի շրջանակներում։ Այսինքն՝ այդ ժամանակից ի վեր այն ընդհանրապես չի աշխատում։
Ավելին, 2022 թվականի փետրվարին Հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, դադարեցրին բոլոր շփումները երրորդ համանախագահի, այն է՝ Ռուսաստանի հետ։ Դե ֆակտո այդ խումբը, որպես ինչ-որ մարմին, որը պատրաստվում է քննարկել և որոշումներ կայացնել, այլևս գոյություն չունի և ոչ մի հեռանկար չկա, որ այդ մարմինը գոնե պարզապես կհավաքվի նույնիսկ մեկ հանդիպման համար։
Ներկայումս Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները որոշակիորեն փոխվել են, և երկխոսություն է սկսվել, բայց մինչև այն հասնի նման մասնավոր հարցերի, ինչպիսին Մինսկի խումբն է, դեռ մի քանի տարի կանցնի։ Հետևաբար, ներկայիս իրավիճակում ես չեմ տեսնում որևէ հեռանկար Մինսկի խմբի գործունեության վերսկսման համար»,- ասել է Ռոդիոնովը։
Մանրամասները՝ տեսանյութում։