ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու նպատակով

11 Մայիսի 2024, 13:23

Քաղաքականություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված հանրապետությունում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով:

Շարունակվում են ինչպես լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները, այնպես էլ ՄԻՊ աշխատակազմում ստացված ահազանգերի վերլուծությունը։

Ստացված տեղեկությունների համաձայն՝ բերման են ենթարկվել բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձինք:

Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հորդորում է պետական իրավասու մարմիններին և հավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին ապահովել հավաքի խաղաղ ընթացքը և ոլորտում առկա իրավական չափանիշները։

Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են՝ 116 և (096) 116100: