ՄԻՊ-ը պարզաբանում է պահանջել ՆԳՆ-ից՝ Հանրային հեռուստաընկերության նկարահանող խմբին Կիրանց ուղեկցելու կապակցությամբ

20 Մայիսի 2024, 19:46

Քաղաքականություն

Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Այս մասին հայտնում է ՄԻՊ հանրային կապերի բաժինը:

«Այսօր արձանագրվել է նաև, որ մի խումբ անձինք ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման են ենթարկվում Ոստիկանության բաժին: Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը։ Ուժի կիրառումը հնարավոր է բացառապես օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում, համաչափությանը վերաբերելի չափանիշների պահպանմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ՄԻՊ-ը ևս մեկ անգամ հորդորում է պետական իրավասու մարմիններին և հավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին ապահովել հավաքի խաղաղ ընթացքը և ոլորտում առկա իրավական չափանիշները։

Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ այսօր Կիրանցի մուտքի մոտ Ոստիկանության ծառայողները փորձել են Հանրային հեռուստաընկերության նկարահանող խմբին տանել բնակավայր, բայց այլ լրատվականների լրագրողները տեսել են և թույլ չեն տվել։ Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան պարզաբանումներ է պահանջել Ներքին գործերի նախարարությունից:  Այս մասին հայտնում է ՄԻՊ հանրային կապերի բաժինը:

ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ այն, որ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է։

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ի գիտություն է ընդունվել Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրությունը, որի համաձայն՝ սահմանափակումները կապված են Կիրանց գյուղի հատվածում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու հետ: Մայիսի 20-ին ստացված տեղեկությունների համաձայն՝ Ոստիկանության կողմից ԱԺ պատգամավորների և ԶԼՄ ներկայացուցիչների մուտքը Կիրանց ևս արգելվել  է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ՄԻՊ-ը կարևորում է զանգվածային լրատվության միջոցների նկատմամբ տարբերակված մոտեցումների բացառումը, ինչպես նաև ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման իրավաչափության պահպանումը: