Միրզոյան-Կուլեբա հանդիպումը հիշեցնում է վագրի բեղերը քաշելը․ Բոգդան Բեզպալկո

13 Դեկտեմբերի 2023, 00:05

Կարծիք | Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Բրյուսելում Միրզոյան-Կուլեբա հանդիպումը:

Արևելյան գործընկերության նախարարական գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության հեռանկարների շուրջ։

«Ակնհայտ է, որ դրանք ոչ բարեկամական քայլեր են, քանի որ Ռուսաստանի ղեկավարությանը հրահրում են ինչ-որ կտրուկ արտահայտությունների կամ գործողությունների դիմել։ Իսկ եթե այդ գործողությունները մտցվեն, ապա կարող են տուժել Հայաստանի հասարակ քաղաքացիները, որոնք, օրինակ, չեն կարողանա վաճառել իրենց ապրանքները կամ կզրկվեն աշխատանքից այն պատճառով, որ Ռուսաստանը կփակի իր շուկան Հայաստանի համար։ Այս մասին արդեն բազմիցս խոսվել է և սկսել են հիշել, երբ Ռուսաստանը բուսասանիտարական ստուգումներ անցկացնելու համար փակեց Վերին Լարս ճանապարհը։ Եվ ակնհայտ է, որ հիմա Փաշինյանի դիմակայությունը գնում է սրման», — ասաց փորձագետը։

Քաղաքագետի կարծիքով՝ այս բոլոր քայլերը հիշեցնում են վագրի բեղերը քաշելուն։

«Նրանք ցանկանում են ծաղրել վագրին, սակայն լուրջ կռիվների մեջ մտնել չեն պատրաստվում, օրինակ, դուրս գալ ՀԱՊԿ-ից կամ ԵԱՏՄ-ից, առայժմ նման հայտարարություններ չեն եղել, ընդհակառակը, հայկական ղեկավարությունն ամեն կերպ ընդգծում է, որ Հայաստանը նման մտքեր չունի։ Կարծում եմ, որ ռուսական կողմի արձագանքը շատ զուսպ կլինի։ Բայց եթե Վերին Լարսի ճանապարհին հերթերը շատանան, իսկ բուսասանիտարական ստուգումները խստանան, ապա պետք չէ զարմանալ։ Եթե հանկարծ պարզվի, որ Հայաստանը վաճառել է ինչ-որ ռազմական տեխնիկա, թեկուզ միջնորդների միջոցով կամ ընդհանրապես ռազմական համագործակցության պայմանագրեր է կնքել Ֆրանսիայի կամ Ուկրաինայի հետ, ապա, իհարկե, դա կարող է շատ լուրջ ազդեցություն ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Իսկ նման քայլերը, որպես կանոն, միշտ հաջորդում են նման հանդիպումներին», — նշել է Բեզպալկոն։

Քաղաքագետը նաև մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Ուկրաինային զենքի վաճառքը:

«Հիմա, օրինակ, անսպասելի բացահայտվեց, որ Ադրբեջանը արկեր է վաճառում Ուկրաինային։ Կարծում եմ ՝ ռուսական կողմից պատասխան կլինի։ Մենք կարծում էինք, որ Ադրբեջանը չեզոքություն է պահպանում ռուս-ուկրաինական հարցում և առավելագույնը կարող է հումանիտար օգնություն մատակարարել Ուկրաինայի տարածք, ինչը նույնպես մեզ մոտ այնքան էլ ողջունելի չէր, բայց, այնուամենայնիվ։ Տրանսֆորմատորները մի բան են, իսկ արկերը, որոնք արտադրվում և վաճառվում են Ուկրաինային, բոլորովին այլ բան են։ Դա բացարձակապես անընդունելի է։ Կմշակվի համարժեք պատասխան, բայց մշակումն ինչ-որ ժամանակ կպահանջի, որպեսզի այն լինի բավականին հզոր եւ, միեւնույն ժամանակ, համարժեք», — եզրափակել է Բեզպալկոն։

Հիմա եթերում