Միսաք Մանուշյանը Ֆրանսիական դիմադրության շարժման միակ օտարազգին է, որի աճյունը կամփոփվի Ֆրանսիայի Պանթեոնում
19 Հունիսի 2023, 13:51
Ֆրանսիայի Ազգային հերոս, կոմունիստ Միսաք Մանուշյանը Ֆրանսիական դիմադրության շարժման առաջին օտարազգի հերոսն է, որի աճյունը կամփոփվի Ֆրանսիայի Պանթեոնում: Այնտեղ թաղված են բացառապես ֆրանսիական պատմության լեգենդար դեմքերը` Ժան-Ժակ Ռուսոյից մինչև Հյուգո և Դյումա:
Ելիսեյան պալատը որոշել է իր հարգանքի տուրքը մատուցել Հայոց ցեղասպանությունից փրկված Մանուշյանին, որը ապաստան էր գտել Ֆրանսիայում: Տեսնելով, որ իր երկրորդ հայրենիքն էլ է վտանգի տակ՝ բանաստեղծի գրիչը փոխարինեց զենքով, իր պարտիզանական ջոկատով տասնյակ գործողություններ իրականացրեց օկուպացված Փարիզը ֆաշիստների ձեռքից ազատագրելու համար:
1943-ին Մանուշյանի ջոկատի 23 անդամների լուսանկարները գերմանացիները տպել էին կարմիր աֆիշայի վրա և փակցրել ամբողջ Փարիզով մեկ՝ նրանց ներկայացնելով որպես վտանգավոր ահաբեկիչներ: Կարմիր աֆիշը դարձել է Ֆրանսիական դիմադրության խորհրդանիշներից մեկը:
Մանուշյանի կողքին Պանթեոնում կվերահուղարկավորեն նաև նրա միակ սիրուն՝ Մելինեին, որը տեղյակ է եղել բոլոր գաղտնի գործողություններից և ծածուկ մեծ աջակցություն է ցուցաբերել պարտիզանական ջոկատին. հստակ առաջադրանքով հայտնվելով անհրաժեշտ ժամի, անհրաժեշտ վայրում:
Շառլ Ազնավուրն իր ինքնակենսագրականներում է պատմել է, որ իր ծնողներն իրենց տանն էին թաքցնում Մելինեին, երբ Մանուշյանը գործողությունների էր գնում: Միսաքն իր բոլոր գրոհների մասին կիսահայերեն ու կիսաֆրանսերեն գրում ու տալիս էր կնոջը, որ փոխանցի հայերին: Շանսոնյեն չի մոռացել նշել նաև, որ իրեն շախմատ խաղալ սովորեցրել է հենց Մանուշյանը, իրենց տանը:
Արդեն երբ հայտնի էր, որ մահվան է դատապարտվել՝ պոետ Միսաքը բանտում գրիչ է խնդրում և գրում իր վերջին նամակը, բայց այս անգամ այն ուղղված էր Մելինեին, որը շատ ֆրանսիացիների կարծիքով Մորուայի նամակների արժեքն ունի:
Մեջբերենք հատված.
«Իմ Մելինե, իմ որբուկ, հիմա մեռնում եմ ընկերներիս հետ մի մարդու գիտակցությամբ, որի խիղճը հանգիստ է: Մեռնում եմ առանց գերմանացի ժողովրդի հանդեպ ատելության: Երջանկություն նրանց, ովքեր պիտի ապրեն մեզնից հետո և վայելեն վաղվա խաղաղության ու ազատության քաղցրությունը…: Այսօր արևոտ օր է, արևին և իմ այնքան սիրած գեղեցիկ բնությանը նայելով է, որ պիտի մնացեք բարևով ասեմ կյանքին: Ներում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ վնաս են հասցրել»:
Մանուշյանն ու նրա գաղտնի խումբը գնդակահարվել են 1944-ի փետրվարի 21-ին Մոն-Վալերիենում. միայն հետո է հայտնի դարձել, որ այդ խումբը ստեղծել էր Ֆրանսիայի գաղտնի ծառայությունը անձամբ Շառլ դը Գոլի նախաձեռնությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում: