Միշելի հայտարարությունն անակնկալ չէր, բայց ես չեմ քննարկել Աղդամով Արցախ հումանիտար օգնություն հասցնելու մասին հարցը. Փաշինյան
25 Հուլիսի 2023, 15:15
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսին ուղիղ չասաց՝ հուլիսի 15-ին Բրյուսելում ԵԽ նախագահի ու Ադրբեջանի ղեկավարի հետ հանդիպմանը քննարկվե՞լ է Աղդամով Արցախ հումանիտար բեռնափոխադրումներ կատարելու մասին հարցը, թե՝ ոչ: Փաշինյանը միայն նշեց, որ ինքը նման հարց չի քննարկել այդ հանդիպմանը, քանի որ այդ հարցը քննարկելու մանդատ չունի:
«Ոչ, ես նման հարց չեմ քննարկել, որովհետեւ չեմ կարծում, թե ընդհանրապես նման հարց քննարկելու որեւէ մանդատ ունեմ: Ես Լաչինի միջանցքի հետ կապված հարցը քննարկելու մանդատ ունեմ, որովհետեւ այն ստեղծվել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որի ստորագրողներից մեկն էլ ես եմ եղել: Հետեւաբար, այդ հարթակներում մենք քննարկում ենք միայն Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման ու Լաչինի միջանցքի բացման հետ կապված հարցերը: Այլ հարցեր ես չեմ քննարկել»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողի ճշտող հարցին, թե իր համար անակնկա՞լ էր եռակողմ բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը, որում նա կարեւորել էր Ադրբեջանի պատրաստակամությունը՝ Աղդամով մարդասիրական մատակարարումներ ապահովելու համար, Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Անակնկալ չէր, բայց ես նման հարց չեմ քննարկել, ես ասել եմ, որ նման հարց քննարկելու ո՛չ անհրաժեշտություն ունեմ, ո՛չ էլ մանդատ։ Ես ունեմ մանդատ քննարկելու Լաչինի միջանցքի հետ կապված հարցը, որովհետեւ այն ստեղծվել է այդ թվում՝ իմ ստորագրությամբ, եւ մենք ունենք Արդարադատության միջազգային դատարանի որոշում Լաչինի միջանցքով բեռների, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ապահովելու վերաբերյալ»:
Հիշեցնենք՝ Աղդամով մարդասիրական մատակարարումներ Արցախ ապահովելու պատրաստակամության մասին առաջին անգամ՝ հուլիսի 14-ին հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Կարմիր խաչի ներկայացուցչության ղեկավարի հետ հանդիպմանը:
Հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիեւ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահը կարեւորել էր Ադրբեջանի պատրաստակամությունը՝ Աղդամով մարդասիրական մատակարարումներ ապահովելու համար:
Պաշտոնական Ստեփանակերտի համար անընդունելի է այս առաջարկը: Արցախի պաշտոնյաները հայտարարում են, որ Ադրբեջանը փորձում է առոչինչ դարձնել Լաչինի միջանցքի հատուկ կարգավիճակը, իսկ իրենք թույլ չեն տա, որ համարժեքներ ստեղծվեն Լաչինի միջանցքին, որը Արցախի կյանքի ճանապարհն է: