Միշելին Ահարոնյան Մարկի և նկարչուհի Ֆուսիա Քարիմիի նոր գիրքը. նամակի և նկարի երկխոսությունը
23 Մայիսի 2023, 23:50
«Մարդու մարմնում՝ տրիլիոնավոր բջիջներ, 78 օրգաններ, հինգ զգայարաններ կան։ Թեեւ տեսողությունը զարգացման մեջ ոչ առաջինն էր, ոչ էլ վերջինը, այն իմ մտքում զգացմունքի գագաթնակետն է: Աչքը նշանավոր օրգան է։ Նրա կողքին դողում են թաքնված օրգանները, սայթաքում են երկրորդական զգացմունքները»։ News.am-ի փոխանցմամբ՝ այսպես է սկսվում ամերիկահայ գրող Միշելին Ահարոնյան Մարկի եւ նկարչուհի Ֆուսիա Քարիմիի «Փոքրիկ կտորներ» գիրքը:
Ներկայացնելով Մարկի 25 կարճ տեքստերը, կամ մանրանկարները, ինչպես ինքն է դրանք անվանում, զուգորդված Քարիմիի ջրաներկով նկարազարդումների հետ՝ «Փոքրիկ կտորներ»-ը, ուսումնասիրելով մարդկային եզակի երկակիությունը, փորձում է գրավել ընթերցողին իրենց աչքերով:
«Մեզ վրա ազդել եւ մեզ հետաքրքրել են միջնադարյան հայկական, աֆղանական եւ պարսկական մանրանկարները»,-ասում է Մարկը,-«Մենք արդեն միասին աշխատում էինք իմ գրած պատկերազարդ գրքի վրա, որը կոչվում էր «Աղյուսի տուն», բայց այս մեկը սպասում ենք, որ այլ կլինի՝ նկարներն ու արվեստը երկխոսության մեջ՝ կողք կողքի դրված»:
Ստացված աշխատանքները շատ տարբեր են, եւ ժողովածուն շոշափում է տարբեր թեմաներ: Ոճը երբեմն օրագրի է նման՝ ուսումնասիրում է երազները, ինչպես նաեւ՝ իրականության երկիմաստությունները, իսկ երբեմն ներծծվում է քանակական, ճշգրտության վրա հիմնված հեռանկարով: Նկարազարդումները գունագեղ են, եւ հուշում են պարզ ժեստերի, ծանրակշիռ արտացոլումների մասին։
«Փոքրիկ կտորներ»-ը եզրափակվում է «Երկխոսություններ» բաժնով, որտեղ գրողն ու նկարչուհին քննարկում են ստեղծագործական պրակտիկաները, մուսաները եւ սիմվոլիզմը, ինչպես նաեւ ճշմարտությունն ու դրա նկատմամբ տարբեր վերաբերմունքները, որոնք Քարիմին նկարագրում է որպես «երկար եւ հանգիստ գրավոր զրույց, որը մենք ունեցել ենք գիրքն ավարտելուց մի քանի ամսվա ընթացքում»: