Միթե՞ ինչ-որ մեկը կարծում է, որ Բրիտանիան իրապես կպաշտպանի Հայաստանը Ադրբեջանից․ Իգոր Կովալյով

Մեծ Բրիտանիայի հարցերով մասնագետ, Ազգային հետազոտական համալսարանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Համաշխարհային տնտեսության և միջազգային քաղաքականության ֆակուլտետի դեկանի առաջին տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր Իգոր Կովալյովը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ Լոնդոնը խոստացել է աջակցել Հայաստանին Ռուսաստանի «սպառնալիքներից»։

Փորձագետի կարծիքով՝ Մեծ Բրիտանիան փորձում է գտնել իր նոր դերը միջազգային հարաբերություններում և շահագրգռված է ինչ-որ տեղ ամրապնդել իր դիրքերը։

«Սպառնալիքներն ակնհայտորեն չեն գալիս Ռուսաստանից, բայց Հայաստանի իշխանությունները կարծում են, որ հենց Ռուսաստանը չի օգնել Հայաստանին Ադրբեջանի հետ վերջին պատերազմում, ինչը հանգեցրել է Ղարաբաղի հանձնմանը։ Հայաստանն ակնհայտորեն շեղվում է դեպի Արևմուտք, դադարեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ակնհայտորեն փնտրում է նոր ռազմաքաղաքական դաշնակիցներ։ Այսինքն՝ հասկանալի է, որ անկայուն, անհանգիստ տարածաշրջանի պայմաններում Հայաստանի նման դաշնակիցները բացարձակապես անհրաժեշտ են։

Մյուս կողմից, Մեծ Բրիտանիան, որն այժմ «Brexit»-ից հետո փորձում է իր նոր դերը գտնել միջազգային հարաբերություններում, շահագրգռված է, որ իր դիրքերն ամրապնդվեն ինչ-որ տեղ, թեև շատ լավ հասկանալի է, որ դրա համար ուժ և միջոցներ հատկապես Միացյալ Թագավորությունը չունի։ Ուստի ինչու չօգտագործել Հայաստանը որպես երկիր, որտեղ կարելի է մատակարարել, ասենք, բրիտանական զենք և դրա վրա լավ գումար աշխատել։ Այսինքն՝ այստեղ բիզնեսի հարցը կարող է նույնիսկ ավելի առաջնային լինել, քան ինչ-որ աշխարհաքաղաքական դասավորությունների հարցը, թեև, իհարկե, այդ դասավորությունները նույնպես շատ կարևոր են։

Իսկ հետո ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքանով երկրներին կհաջողվի միմյանց բացատրել, թե ով ում կողմից է եղել, ում է աջակցել և արժե արդյոք համագործակցել, թե, այնուամենայնիվ, պետք է մտածել հին, ապացուցված գործընկերների մասին, որոնք մեկ անգամ չէ, որ օգնել են և որոնց հետ զարգանում են ինչ-որ տնտեսական և այլ կապեր»,- ասել է Կովալյովը։

Փորձագետի կարծիքով՝ Բրիտանիան կօգտագործի Հայաստանը։

«Իհարկե, Մեծ Բրիտանիան ցանկանում է օգտագործել Հայաստանը որպես հարավային սահմանների ապակայունացման գործոն՝ հատուկ ռազմական գործողության անցկացումը բարդացնելու և իրավիճակը խարխլելու համար, և ոչ միայն Հայաստանում։

Ես վստահ եմ, որ փորձեր կլինեն նաև Միջին Ասիայում ինչ-որ միջոցներ ձեռնարկել իրավիճակն ապակայունացնելու համար, այսինքն՝ նման քայլեր կձեռնարկվեն ռուսական սահմանների առավելագույն պարագծով՝ հաշվի առնելով այն անզիջում պայքարը, որը մենք հիմա վարում ենք հավաքական Արևմուտքի հետ, ուստի ես դա բացարձակապես չեմ բացառում։ Իհարկե, Բրիտանիան կօգտագործի Հայաստանը, միթե՞ ինչ-որ մեկը կարծում է, որ Բրիտանիան իրապես կպաշտպանի Հայաստանը Ադրբեջանից: Իհարկե՝ ոչ», — եզրափակել է Կովալյովը։