Միխայիլ Գալուստյան․ Հումորիստից՝ երգիչ

25 Հոկտեմբերի 2024, 23:53

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հոկտեմբերի 25-ին հայտնի հումորիստ, դերասան, հեռուստահաղորդավար և երգիչ Միխայիլ Գալուստյանի ծննդյան օրն է։

Միխայիլ (Նշան) Գալուստյանը ծնվել է 1979 թվականի հոկտեմբերի 25-ին Սոչիում՝ հայկական ընտանիքում։ Մանկուց Միխայիլը զբաղվել է ստեղծագործական գործունեությամբ և սիրել է բեմը։ Արդեն դպրոցում նա սկսել է խաղալ ՈւՀԱ-ում, դարձել թիմի ավագը՝ հաղթելով տարածաշրջանի բոլոր դպրոցներին և նույնիսկ համալսարաններին:

«Արևից հոգնածները» («Утомленные солнцем») թիմը, որում խաղում էր Միխայիլը, 1998 թվականին Ալեքսանդր Մասլյակովի հրավերով մտել է ՈւՀԱ-ի գլխավոր լիգա: Զուգահեռաբար Գալուստյանը բարձրագույն կրթություն է ստացել՝ սովորելով պատմաբանասիրական ֆակուլտետում։

2002 թվականին Գալուստյանը դարձել է «Արևից հոգնածները» թիմի ավագը։ Թիմը դարձել է 2003 թվականի Բարձրագույն խմբի չեմպիոն և երեք անգամ նվաճել ՈՒՀԱ-ի ամառային գավաթը (2004, 2005 և 2009 թվականներին): ՈՒՀԱ-ի կազմում Գալուստյանը շրջագայել է ամբողջ երկրով, հյուրախաղերով եղել է նաև ԱՊՀ երկրներում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում: Հենց ՈՒՀԱ-ից է սկսվել Գալուստյանի գլխապտույտ կարիերան։

Ավելի ուշ Միխայիլը հումորիստ Սերգեյ Սվետլակովի հետ նկարահանվել է «Наша Russia» երգիծական և հումորային շոուում, որտեղ նա կերտել է տարբեր կերպարներ, որը ևս մեկ անգամ Միխայիլին մեծ հաջողություն է բերել: Դրան հաջորդել է ««Պրոժեկտորպերիսհիլթոն» հեռուստատեսային նախագիծը և այլ ոչ պակաս հետաքրքիր հաղորդումներ։

Գալուստյանը զբաղվել է նաև կինոյով, պրոդյուսեր Արմեն Անանիկյանի հետ հիմնել է «Fresh Film» կինոընկերությունը։ 2013 թվականին նա նույնիսկ նկարահանվել է «Միշան փչացնում է ամեն ինչ» ֆիլմում։

2019 թվականին Գալուստյանը որպես կատարող սկսել է հանդես գալ «Սուպեր Ժորիկ» կեղծանվամբ՝ թողարկելով երգեր, որոնք սիրվել են հանդիսատեսի կողմից։ Իսկ արդեն 2020 թվականին Միխայիլը թողարկել է իր ինքնակենսագրական «Տարբերանշան. Զվարճալի տղայի պատմություն»-ը։

2021 թվականին Միխայիլ Գալուստյանը Օլգա Բուզովայի հետ դարձել է «Աստղերն Աֆրիկայում» նախագծի հաղորդավարը։

Հումորիստը նաև երկրպագուների մի ամբողջ բանակ ունի, որոնք հաճույքով հետևում են նրա հաջողություններին։