ММА-ի արցախցի մարտիկները՝ «Դինամոյում»․ կհիմնվի «Արցախ» մարտական ակումբ
13 Նոյեմբերի 2023, 13:57
Այժմ միակ բանը, որ ինձ ցրում է իրականությունից, մարզադահլիճն է, մարզումները: Հույսով մարզվում եմ, որ կարողանամ իրականացնել իմ երազանքը սպորտում՝ ունենալ մեծ հաղթանակներ ММА-ում: Կյանքում միակ երազանքս խաղաղությունն է: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է խառը մենամարտերի մարտիկ, 26-ամյա արցախցի Դավիթ Խաչատուրյանը:
«Փոքր տարիքից մեծ երազանք ունեմ, մեծ հաջողություններ ունենալ ММА-ում: Այսքան դժվարությունների միջով անցանք, բայց ես իմ երազանքներից չեմ հրաժարվել: Ոչ մի պատերազմ չի կարող քեզ զրկել նպատակներից, եթե դու ինչ-որ ոլորտում ձգտում ունես հաջողության հասնել: Դժվար է այս իրավիճակում, այս իրադարձություններից հետո վերականգնվել: Բլոկադայի ժամանակ ևս մեծ դժվարությունների միջով անցանք՝ ուտելու ոչինչ չկար, ոչ մի պայման չկար, բայց ես փորձում էի ամեն գնով հետ չմնալ մարզումներից:
Միակ բանը, որ այժմ ինձ կարողանում է ցրել, մարզադահլիճն է: Հույսով մարզվում ենք: Երազանքս այն է, որ սպորտում կարողանամ մեծ նվաճում ունենալ, ինչն ինձ կգոհացնի: Կյանքում երազանքս խաղաղությունն է, մնացածը կլինի»,- ասել է արցախցի Դավիթը:
Արցախի MMA ֆեդերացիայի նախագահ, Արցախի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեգին Աղաբալյանի խոսքով, շուրջ 200 մարզվողներ ունեցող ֆեդերացիան այժմ միացել է Հայաստանի ֆեդերացիային և նույն հունով շարունակում է մարզումները, մարզաձևի զարգացումը:
«Հայաստանում նպատակ ունենք ստեղծել խառը մենամարտերի Արցախի ակումբ: Քանի որ Արցախում ունեինք մեծ թվով մարզվողներ, շուրջ 200 մարզիկ և 4 մարզիչներ, ուզում ենք, որ նրանք ունենան իրենց հիմնական ակումբը, որտեղ հնարավորություն կունենան զբաղվել մարզաձեւով: Կհիմնենք ակումբ, որն այդպես էլ կանվանենք․ «Արցախ» մարտական ակումբ: Այս ակումբում հնարավորություն կունենան իրենց գործունեությունը շարունակել նաև արցախցի մարզիչները:
Արցախում MMA-ը հիմնադրվել է 2014 թվականին: Ունեցել ենք երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, պատանիների աշխարհի բրոնզե մեդալակիր, ունեցել ենք նաև մինչ օրս չգերազանցած արդյունք՝ մեծահասակների Եվրոպայի մրցանակակիր Թաթուլ Ավագյան:
Բռնի տեղահանումից հետո արցախցի մարզիկներն աստիճանաբար վերականգնվում են: Մարզումների միջոցով փորձում ենք նրանց օգնել վերականգնվել»,- նշել է Գարեգին Աղաբալյանը: