«Մնաց Հայաստանի անունն էլ վերացնեն, ուրիշ բան դնեն». Alpha News-ի հարցումը
31 Հունվարի 2024, 17:54
Alpha News-ը հարցում է անցկացրել Սփյուռքում՝ պարզելու, թե մեր հայրենակիցներն ինչպե՞ս են վերաբերվում ՀՀ իշխանությունների մտադրությանը՝ հրաժարվել Արցախից, պահանջատիրությունից, Հայոց պատմությունից ու խորհրդանիշներից։
«Վահրամ Փափազյանն այսպիսի մի բան է գրել, ասում է՝ Մասիս սարը իմ ժողովրդինն էր, իմ ազգի հզորությունն էր, բայց դա վերցրին ու տվեցին ուրիշներին, ովքե՞ր տվեցին: Հիմա մեզ մնացել է Մասիսի պատկերը այդ գերբի վրա ու այն, ինչ կապված է մեր ինքնության հետ, ինչը չի կարելի վերացնել»,- ասել է հարցվածներից մեկը:
Հարցմանը մասնակցած հայրենակիցները նաև դժգոհություն են հայտնել իշխանության ներկայացուցիչների կողմից բարձրացրած հարցերի վերաբերյալ, ըստ որի, ցանկանում են փոխել նաև ՀՀ զինանշանը։
«Շատ բաներ փոխեցին, դա էլ են ուզում փոխել, մնաց Հայաստանի անունն էլ վերացնեն, ուրիշ բան դնեն»,- ասել է մի քաղաքացի:
«Ինձ թվում է՝ պիտի ձգտենք նրան, որ այդ Արարատը կրկին լինի մեր սարը»,- նշել է մեկ այլ հայրենակից։
Սփյուռքում բնակվողներից մեկն էլ ասել է․ «Իմացել եմ, որ Սահմանադրությունը փոխելն ավելի շատ Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջն է եղել, եթե գերբը փոխվի, Արարատ սարի հետ կապված պատկերը դուրս կգա, ինչը Թուրքիայի պահանջն է»։
«Անվերջ զիջելով՝ ավելի շատ կապիտուլյացիայի է նմանվում, քան հաշտության կամ խաղաղության պայմանագրի»,- Alpha News-ի հարցմանն ասել են մեր հայրենակիցները։