Մոլդովայում հանրաքվեի արդյունքները լուրջ հարված են Մայա Սանդուին․ Բենիամին Պողոսյան

22 Հոկտեմբերի 2024, 14:25

Կարծիք | Քաղաքականություն

Կիրակի Մոլդովայում նախագահական ընտրություններ էին։ Ընտրություններին զուգահեռ քաղաքացիները մասնակցում էին Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեին։ Դրա համար պետք է փոփոխություններ կատարվեն երկրի Սահմանադրության մեջ։ Սակայն հանրաքվեի արդյունքերը փաստել են, որ Մոլդովայում հասարակության առնվազն կեսը դեմ է Եվրաինտեգրմանը։

Թեմայի վերաբերյալ Alpha News-ը ուղիղ եթերում զրուցել է «APRI Armenia» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանի հետ։

«Նախագահ Մայա Սանդուն, եթե կարողանար հաշվարկել հանրաքվեի արդյունքներն ու իմանար, որ նման թվեր են լինելու, հավանաբար կհրաժարվեր հանրաքվեից կամ առնվազն հանրաքվեն նախագահական ընտրությունների հետ համատեղելուց։ Գրեթե վստահ եմ, որ նախագահը հույս ուներ՝ գոնե առնվազն 60 տոկոսը կողմ կքվեարկեր, որ Սահմանադրության մեջ մտներ համապատասխան կետ Եվրամիությանը անդամակցելու, որը ցույց կտար որ իր արտաքին քաղաքականությունը վայելում է բնակչության առնվազն զգալի մասի աջակցությունը։ Այս պահին մենք դա չունենք։ Փաստորեն, ընդամենը մի քանի հազար ձայնի տարբերությամբ է անցել հանրաքվեն, և դա էլ ի հաշիվ այն մոլդովացիների, որոնք ապրում են Եվրոպական միությունում, ԱՄՆ-ում և Կանադայում»,- նշել է Պողոսյանը։

Ըստ փորձագետի՝ այս իրավիճակը կարող է ստեղծել մի իրավիճակ, երբ արդեն նույն Եվրամիության ղեկավարության մոտ կսկսեն հարցեր առաջանալ՝ իսկ ինչքանով է պետք վստահել Մոլդովայի իշխանություններին, ինչքանով են նրանք տիրապետում երկրում ստեղծված իրավիճակին։

«Սա լուրջ հարված է Մայա Սանդուի համար, և, ըստ իս, բավականին լուրջ հարված է նաև Եվրամիության այն շրջանակների համար, որոնք աջակցում են Մոլդովային, ավելի կոնկրետ աջակցում են հենց այս իշխանությանը, քանի որ նրանց մոտ ևս հարցեր կառաջանան։ Վստահ եմ, որ եվրոպական պաշտոնյաներին այլ պատկեր է ներկայացվել, որ, իհարկե, հանրաքվեն կլինի, և մոլդովացիների բացարձակ մեծամասնությունը կքվեարկի, որ Եվրամիության անդամակցության կետը ներառվի սահմանադրության մեջ։

Սա կարող է ստեղծել մի իրավիճակ, երբ արդեն նույն Եվրամիության ղեկավարության մոտ կսկսեն հարցեր առաջանալ՝ իսկ ինչքանով է պետք վստահել Մոլդովայի իշխանություններին, ինչքանով են նրանք տիրապետում երկրում ստեղծված իրավիճակին, և եթե հետագայում նրանք որոշ առաջարկներ կամ վերլուծություններ ներկայացնեն, թե ինչպիսին է Մոլդովայի հասարակության վերաբերմունքը այս կամ այն հարցի վերաբերյալ, լուրջ կասկածներ կառաջանան, թե ինչքանով է ընդանրապես պետք վստահել Մոլդովայի իշխանություններին»,- եզրափակել է Պողոսյանը։