Մոլդովայում իշխող կուսակցության հաղթանակն ապահովվեց ուժային ճնշման և սփյուռքի մոբիլիզացիայի հաշվին. Դմիտրի Կիսեև

29 Սեպտեմբերի 2025, 22:20

Կարծիք | Քաղաքականություն

Մոլդովացի քաղաքական վերլուծաբան Դմիտրի Կիսեևը Alpha News-ին տված հարցազրույցում պատմել է՝ ինչ մեթոդներով է Մոլդովայի իշխող կուսակցությանը հաջողվել հաղթել ընտրություններում, և ինչպես դա կանդրադառնա տարածաշրջանի վրա։

«Արդյունքն հաջողվեց ապահովել առաջին հերթին ուժային բլոկի, ողջ վարչական ռեսուրսի և սփյուռքի մոբիլիզացիայի, ինչպես նաև, իհարկե, պատերազմի նկատմամբ վախերի մանիպուլյացիայի հաշվին։ Ընտրություններից առաջ իրականացվում էին զանգվածային խուզարկություններ, ձերբակալություններ, բնակչությանը վախեցնում էին ռուսամետ ուժերի՝ իշխանության գալու դեպքում պատերազմի մասին սարսափ պատմություններով: Ընտրությունների օրն արգելափակել էին Դնեստրի կամուրջները, որ մերձդնեստրցիները չկարողանան քվեարկել։ Որոշ տեղամասեր, որտեղ քվեարկում էին մերձդնեստրցիները, իբր, ականապատված էին։

Բացի այդ, իհարկե, սփյուռքի մոբիլիզացիան՝ արտերկրից ստացված 270 հազար ձայնը լրջորեն փոխեց ընդհանուր հաշվեկշիռը։ Այս ամենը միասին թույլ տվեց իշխող կուսակցությանը մեծամասնություն ստանալ ապագա խորհրդարանում»,- նշել է փորձագետը։

Նրա խոսքով՝ իշխանությունների համար առանցքային խնդիր էր իրենց դաշնակիցներին ձեռնտու աշխարհաքաղաքական համատեքստում Մոլդովան պահպանելը:

«Ինչ վերաբերում է տարածաշրջանում իրավիճակի վրա դրա ազդեցությանը, ապա նրանց համար գլխավորն այն էր, որ Մոլդովան դուրս չմնա այդ համատեքստից, քանի որ դա հենակետ է, որի միջով ռազմական բեռներ են տեղափոխվում Ուկրաինա։ Ռումինիայի համար նույնպես դա հատուկ նշանակություն ուներ. նախագահների և իշխանամետ էլիտաների միջև բարեկամությունը թույլ էր տալիս Մոլդովային ներգրավել այս բոլոր խաղերում։ Այսպես ձևավորվեց այսպես կոչված «օդեսյան եռանկյունին»՝ Ռումինիա, Մոլդովա, Ուկրաինա։ Կարևոր էր պահպանել այս ձևաչափերը, որպեսզի շարունակվի Ուկրաինային սպառազինությամբ, բեռներով սնուցումը»,- նշել է Կիսեևը։

Փորձագետը նշել է նաև, որ Մոլդովայում ընդդիմությունն ի սկզբանե թույլ վիճակում էր:

«Ընդդիմությունը թուլացած էր, գրեթե ոչ մի գործիք չուներ։ Փակ էին հեռուստաալիքները, ընդդիմադիր լրատվամիջոցների տելեգրամյան ալիքները զրկված էին լիցենզիաներից։ Ընդդիմությունն ընտրողների վրա ազդեցություն գործելու հնարավորություն չուներ, բացի հանդիպումներից և թերթերի բաժանումից։ Ընդդիմությունը քարոզարշավ սկսեց ավելի թույլ քարտերով և շատ առումներով չկարողացավ հաղթահարել այն զանգվածային հիստերիան, որը պարտադրում էին իշխանամետ ԶԼՄ-ները։ Թեև ընդդիմությունը լուրջ փաստարկներ ուներ ՝ տնտեսությունում տեղաշարժ չկա, կենսամակարդակը նվազում է, սակագները բարձրանում են: Սակայն այս քարտերը չհաջողվեց ճիշտ օգտագործել՝ բնակչության վրա ազդեցության գործիքների բացակայության պատճառով»,- եզրափակել է փորձագետը։