Մոնտեվիդեոյում կայացել է «Ավրորայի լուսաբացը›› ֆիլմի ցուցադրությունը
01 Հունիսի 2024, 16:40
Մոնտեվիդեոյում կայացել է ռեժիսոր Իննա Սահակյանի՝ միջազգային հեղինակավոր կինոփառատոնների դափնեկիր «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ցուցադրությունը: Այս մասին տեղեկանում ենք Ուրուգվայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից:
Ցուցադրությունից առաջ ելույթներով հանդես են եկել դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարիամ Գևորգյանը և ‹‹Սինեմատեկա Արմենիա››-ի հիմնադիր տնօրեն, ուրուգվայահայ կինոգործիչ Ջեք Պողոսյանը:
Մարիամ Գևորգյանն իր խոսքում նշել է, որ Հայոց ցեղասպանությունն առաջինը պաշտոնապես ճանաչած երկրում «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ցուցադրությունը յուրահատուկ խորհուրդ ունի: Կարևորելով նման ոճրագործությունների ճանաչումն ու դատապարտումը՝ որպես դրանց կանխարգելման միջոց` նա բարձր է գնահատել բոլորովին վերջերս Ուրուգվայի խորհրդարանի երկու պալատների կողմից յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հռչակող օրենքի նախագծի միաձայն ընդունումը:
Ջեք Պողոսյանն իր ելույթում անդրադարձել է ֆիլմի ստեղծման պատմությանը, կարևորել Ուրուգվայում հայկական կինոարվեստի ներկայացումը՝ վստահություն հայտնելով, որ այն շարունակական բնույթ է կրելու: