Մոռացումը տանում է դեպի աղետների կրկնում. Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում ու Նիդերլանդներում

26 Ապրիլի 2024, 16:24

Քաղաքականություն

Աշխարհի տարբեր անկյուններում Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել: Ապրիլի 24-ին Վալենսիայի շրջանի Միսլատա քաղաքում տեղակայված «Կենաց խաչ» հուշակոթողի մոտ տեղի է ունեցել մոմավառություն և խնկարկում` ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի։ Orer.eu-ի փոխանցմամբ՝ տեղի հայ համայնքի ղեկավար Արարատ Ղուկասյանը կարևորել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար մղվող պայքարի շարունակականության անհրաժեշտությունը, քանի որ, նրա խոսքով, մոռացումը տանում է դեպի աղետների կրկնում, մի բան, որին ականատես ենք լինում ներկայումս, այս ժողովրդավարական կոչվող 21-րդ դարում:

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան, Նիդերլանդներում գործող հայ համայնքները Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների շարքն սկսել են ապրիլի 18-ին: Նիդերլանդների հայաշատ քաղաքներում, մասնավորապես՝ Ասենի Դե Բոսկամպ գերեզմանատան առաջին խաչքար-հուշարձանի մոտ և Ալմելոյի ամենամեծ հուշահամալիր են այցելել հայ, հոլանդացի ու տարբեր ազգությունների քաղաքական, հասարակական գործիչներ, հայկական կազմակերպությունների, հայ հասարկության անդամներ, տարբեր համայնքների ներկայացուցիչներ, ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրել անմեղ զոհերի հիշատակին: