Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում զինված միջադեպերի եւ հրադադարի խախտումների աճով. Զախարովա

28 Հունիսի 2023, 19:34

Քաղաքականություն

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ իրավիճակի դեէսկալացիան կնպաստի Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու գործընթացին: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, ճեպազրույցի ժամանակ նշել է Մարիա Զախարովան՝ անդրադառնալով այս գիշեր Արցախում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին:

«Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում զինված միջադեպերի եւ հրադադարի խախտումների աճով: Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ բոլոր վիճահարույց հարցերը լուծել խաղաղ, քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհներով՝ համագործակցելով ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարության հետ: Կարծում ենք, որ իրավիճակի դեէսկալացիան կնպաստի Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու եւ խաղաղ բնակչության բնականոն կյանքի ապահովման համար պայմաններ ստեղծելու գործընթացներին»,- ասել է Մարիա Զախարովան։

Հիշեցնենք՝ հունիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինուժը հրետանային միջոցներից կրակել է Մարտունու եւ Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով հայկական կողմը 4 զոհ ունի:

Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է ընդունել, որով վաշինգտոնյան բանակցություններում հայաստանյան պատվիրակության ղեկավարությունից պահանջում է դադարեցնել հայ-ադրբեջանական բանակցությունները, քանի դեռ Արցախի հետ շփման գծում եւ Հայաստանի սահմաններում հրադադար չի հաստատվել, հակառակ պարագայում, ըստ Արցախի խորհրդարանի, բանակցությունները շարունակելը կնշանակի Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի խրախուսում:

Հիմա եթերում