Մոսկվան Երևանից պարզաբանում է խնդրել Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ. Զախարովա

05 Սեպտեմբերի 2023, 15:57

Քաղաքականություն

Մոսկվան Երևանից պարզաբանում է խնդրել Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ: Մոսկվան իր քայլերը կորոշի հայկական կողմի պատասխանից հետո:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք արդեն հայկական կողմից պարզաբանում ենք խնդրել այդ կապակցությամբ եւ մեր հետագա քայլերը կորոշենք՝ ելնելով Երեւանի պատասխանի բովանդակությունից», — ասել Է դիվանագետը՝ մեկնաբանելով Հայաստանի իշխանությունների գործողությունները:

Հիշեցնենք, որ Հռոմի ստատուտը վավերացնող երկրները պարտավորվում են ճանաչել Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը: Իսկ Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահին ձերբակալելու օրդեր էր տվել՝ մեղադրելով ռազմական հանցագործության համար:

Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1998թ–ին, սակայն չէր վավերացրել։ Հայաստանի Սահմանադրական դատարանը 2004 թ. Հռոմի ստատուտը հակասահմանադրական էր ճանաչել: 2022 թ. դեկտեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, Ադրբեջանին պատասխանատվության կանչելու հնարավորության պատճառաբանությամբ, միջազգային պայմանագրի վավերացման գործընթացը վերսկսելու նպատակով դիմել էր ՍԴ՝ հիմնավորելով, թե 2004 թ.-ից հետո Հայաստանում երկու անգամ Սահմանադրություն է փոխվել:

2023 մարտի 24-ին Բարձր դատարանը սահմանադրական էր ճանաչել այդ կանոնադրությունը: