Մոսկվան հավատարիմ է Հայաստանի հետ բոլոր պայմանավորվածություններին. Գալուզին

16 Դեկտեմբերի 2024, 15:22

Քաղաքականություն

Մոսկվան հավատարիմ է մնում Երևանի հետ բոլոր պայմանավորվածություններին և չի հրաժարվում իր դաշնակիցների հանդեպ ստանձնած պարտավորություններից, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

«Մոսկվան հավատարիմ է եղել և մնում է բոլոր պայմանավորվածություններին ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ եվրասիական տարածքում ասոցիացիաների շրջանակներում։ Մենք չենք հրաժարվում դաշնակիցների հանդեպ մեր պարտավորություններից, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում։ Մենք տարիներ շարունակ միասին աշխատել ենք Հարավային Կովկասում անվտանգության ձևավորման ուղղությամբ։

Ինչպես տեսնում եք, Ռուսաստանի դերն այս հարցում միշտ էլ պահանջված է եղել և կլինի՝ հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում և ամբողջ աշխարհում դինամիկ իրավիճակը։ Մենք պատրաստ ենք այս հրատապ թեմայի շուրջ Երևանի հետ անկեղծ և առարկայական զրույց ունենալ»,- ասել է նա։

Փոխնախարարն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունն անկեղծորեն գնահատում է իր հարաբերությունները Հայաստանի և նրա ժողովրդի հետ։

«Մենք միշտ փորձում ենք շատ ուշադիր վերաբերվել ռուս-հայկական դաշինքին։ Մեր երկրների միջև կապերը հիմնված են բարեկամության դարավոր ավանդույթների, ընդհանուր պատմության, մշակույթների և արժեքային համակարգերի, ինչպես նաև բազմաթիվ նյութական հիմքերի և նախագծերի վրա», — հավելել է Գալուզինը:

Նա նաև նշել է, որ Մոսկվան հույս ունի՝ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը:

«Հուսով ենք` բոլոր նրանք, ում հրավիրել ենք, կգան Սանկտ Պետերբուրգ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ թե այնտեղ ինչ կստացվի, կտեսնենք»,- ասել է Միխայիլ Գալուզինը։