Մոսկվան հետևում է ՀԷՑ-ի և Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին. Մարիա Զախարովա

20 Նոյեմբերի 2025, 20:08

Քաղաքականություն

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ արտերկրում ռուսական բիզնեսի շահերի պաշտպանությունը շարունակում է մնալ առաջնահերթություն: Անդրադառնալով «Տաշիր Կապիտալ» ընկերությանը «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) կառավարման լիցենզիայից զրկելուն՝ նա ընդգծել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է իրավիճակին և պահպանում է միջկառավարական հաղորդակցության ուղիները Երևանի հետ՝ նման հարցեր քննարկելու համար։

Զախարովան հիշեցրել է, որ երկու տասնամյակի ընթացքում ՀԷՑ-ը դարձել է Հայաստանի էներգետիկ շուկայի առանցքային դերակատարն՝ ապահովելով կայուն աշխատանք 20 հազար քաղաքացիների համար և պարբերաբար վճարելով հարկերը: 2017-2023 թվականներին ընկերությունը շուրջ 700 մլն դոլարի ներդրում է կատարել ենթակառուցվածքների արդիականացման համար, իսկ 2024-2034 թվականների համար նախատեսված է եղել 795 մլն դոլարի ներդրում։

Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության կողմից նշանակված նոր կառավարիչները պետք է կառավարման ավելի արդյունավետ մոդելներ առաջարկեն, սակայն նրանց աշխատանքը հնարավոր կլինի գնահատել միայն կոնկրետ արդյունքներով: