Մոսկվան հույս ունի՝ ՌԴ-ի հետ համագործակցությանը կողմնակից գործիչները ՀՀ-ում հետապնդումների չեն ենթարկվի․ Լավրով
20 Հունվարի 2026, 15:07
Մոսկվայում հույս ունեն, որ Հայաստանի քաղաքական գործիչները, որոնք կողմ են Ռուսաստանի հետ համագործակցության զարգացմանն ու խորացմանը, չեն ենթարկվի հետապնդումների։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Alpha News-ի հարցին։
«Ինչ վերաբերում է (Գյումրիի քաղաքապետ՝ խմբ.) Վարդան Ղուկասյանին, նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առաջարկել է քննարկել Հայաստանի միավորումը Ռուսաստանի և Բելառուսի հետ։ Քաղաքական հայացքների արտահայտման համար մարդկանց ձերբակալելը, որոնք որևէ կերպ ուղղված չեն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարմանը, այլ նպատակ ունեն ընդլայնել նրա արտաքին կապերի հնարավորությունները՝ սեփական զարգացման շահերից ելնելով, բնականաբար, այս ամենը լուրջ տարակուսանք և մտահոգություն է առաջացնում»,- նշել է Լավրովը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանում հույս ունեն՝ Հայաստանի այն քաղաքական գործիչները, որոնք կողմ են համագործակցության խորացմանը, չեն ենթարկվի հետապնդումների։