Մոսկվան Իսրայելի իշխանություններին կոչ է արել արդար լուծում տալ Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող «Հայկական պարտեզների» շուրջ կոնֆլիկտին

29 Նոյեմբերի 2023, 13:10

Քաղաքականություն

Մոսկվան անհանգստացած է Երուսաղեմի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների դեմ սադրանքների մասին տեղեկություններից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք չափազանց անհանգստացած ենք Երուսաղեմի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների դեմ սադրիչ գործողությունների հաճախակիացման մասին տեղեկություններից։ Նրանք, մասնավորապես, ուշադրություն են հրավիրել Հին քաղաքում, այսպես կոչված, «Հայկական պարտեզների» շուրջ ստեղծված կոնֆլիկտային իրավիճակի վրա։ Այն դատական գործի առարկա է դարձել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և իսրայելական կազմակերպություններից մեկի միջև»,- ասել է նա։

Զախարովայի փոխանցմամբ՝ խոսքը վիճելի տարածքում հյուրանոցային համալիրի կառուցման մասին է, որը «հանգեցրել է տեղի հայերի և իսրայելցիների միջև բախումների»։

«Մոսկվան Իսրայելի իշխանություններին կոչ է անում միջոցներ ձեռնարկել օրենքի շրջանակներում այս հարցի արդարացի լուծումն ապահովելու համար»,- նշել է Զախարովան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ, արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը անձամբ է ստորագրել համաձայնագիրն այն մասին, որ «Կովերի պարտեզ» հողատարածքը 99 տարի ժամկետով վարձակալությամբ փոխանցվում է գործարար Դենիել Ռուբինշտեյնին հյուրանոց կառուցելու համար։ Հայ համայնքը չէր դադարում այդ գործարքի դեմ բողոքի ցույցեր կազմակերպել Երուսաղեմում։

Նոյեմբերի 1-ին պատրիարքությունը նամակ է ուղարկել «Xana Gardens Ltd» ընկերությանը տեղեկացնելով, որ չեղարկում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021 թվականի հուլիսի 8-ին կնքած համաձայնագիրը։ Այդ ժամանակվանից հայ համայնքի և ընկերության ներկայացուցիչների միջև առաջացած կոնֆլիկտը չի դադարում։ Համայնքի ներկայացուցիչները կարծում են, որ տարածքի նկատմամբ վերահսկողության կորուստը բացասաբար կանդրադառնա հայկական թաղամասի կյանքի վրա և այն խոցելի կդարձնի։