Մոսկվան կշարունակի աջակցել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Պուտին

05 Նոյեմբերի 2024, 15:55

Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան ամեն ինչ անում է հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը իրականություն դարձնելու համար։

Վլադիմիր Պուտինը նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի հավատարմագրերն ընդունելու արարողության ժամանակ։

«Մեր համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ կառուցված է նույն ոգով։ Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու և Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար։ Հետագայում ևս կշարունակենք աջակցել խաղաղության պայմանագրի, պետական սահմանի սահմանազատման և տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին՝ 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերին համապատասխան», — նշել է Վլադիմիր Պուտինը։

ՌԴ նախագահը նաև ուշադրություն է հրավիրել հոկտեմբերին Կազանում կայացած ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգտակար զրույցի վրա։

«Չեմ կարող իմ գոհունակությունը չհայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն օգտվեցին Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի հարթակից և օգտակար զրույց ունեցան տարածաշրջանում կայուն խաղաղության և ազգամիջյան համաձայնության հասնելու սկզբունքային հարցերի շուրջ»,- ընդգծել է Պուտինը։