Մոսկվան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացներին․ ՌԴ ԱԳՆ
09 Նոյեմբերի 2023, 15:10
Երևանի նախաձեռնությունը մեծապես համահունչ է այն նախագծերին, որոնք վերջին տարիներին արդեն քննարկվում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ռուսական կողմը գնահատում ՀՀ վարչապետի առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:
Դիվանագետը մանրամասն ներկայացրել է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։
«Խումբը զբաղվում է տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ։ Այդ գործընթացը կարևորագույն դեր է խաղում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում, նպաստում է ողջ Հարավային Կովկասի տարանցիկ լոգիստիկ ներուժի կայունացմանն ու բացահայտմանը։ Երեք երկրների ղեկավարները եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում են ընդունել 2020 թվականի աշնանը՝ Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից ընդամենը մի քանի ամիս անց», — նշել Է Զախարովան։
Նրա խոսքով՝ անցկացվել է 12 նիստ, մեծ աշխատանք է կատարվել տարածաշրջանային լոգիստիկ ենթակառուցվածքի ներկա վիճակի գնահատման, երկաթուղային, ավտոմոբիլային հաղորդակցությունների օպտիմալ նախագծերի ընտրության ուղղությամբ:
«Հաջողվել է ամբողջովին մոտենալ փաթեթային լուծմանը, որը ձեռնտու է բոլոր կողմերին։ Ցավոք, այս հարցերում վերջակետ դնել դեռ չի հաջողվել, ոմանց պարզապես պակասում է դա անելու քաղաքական կամքը, և դա մենք չենք։
Մենք նախկինի պես պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացներին, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի բարձր մակարդակով եռակողմ հայտարարությունների դրույթների հիման վրա, դրանցում հստակ ամրագրված է Ռուսաստանի դերը», — եզրափակել Է Զախարովան։