Մոսկվան պատրաստ է Երևանի հետ քննարկել TRIPP նախագծում հնարավոր մասնակցության պարամետրերը․ Գալուզին
10 Փետրվարի 2026, 13:05
Ռուսական կողմը պատրաստ է Երևանի հետ քննարկել Մոսկվայի հնարավոր մասնակցության պարամետրերը TRIPP նախագծում։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
«Ինչ վերաբերում է «Թրամփի ուղի» նախագծին, մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք։ Հայ-ամերիկյան նախաձեռնության մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Պատրաստ ենք խորհրդակցել Երևանի գործընկերների հետ՝ քննարկելու ինչպես նախագծի պարամետրերը, այնպես էլ ռուսական հնարավոր մասնակցությունն այս կամ այն ձևաչափով»,- նշել է դիվանագետը։
Գալուզինը հիշեցրել է, որ մինչև 2038 թվականը Հայաստանի երկաթուղային ցանցը կառավարվում է «Ռուսական երկաթուղիների» դուստր ընկերության կողմից, երկիրն օգտագործում է ռուսական երկաթուղային գիծը, իսկ Իրանի հետ սահմանին տեղակայված են ռուս սահմանապահներ։
«Պետք է հաշվի առնել նաև Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Այս պայմաններում ակնհայտ է, որ առանց Ռուսաստանի մեր գործընկերները չեն կարող առաջ շարժվել», — ընդգծել է նախարարի տեղակալը։
Գալուզինը նաև նշել է, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ արդեն իսկ էական աշխատանք է կատարվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ ձևաչափում՝ փոխվարչապետների մակարդակով։