Մոսկվան շահագրգռված է Երևանի և Բաքվի հարաբերությունների լիարժեք կարգավորմամբ. Լավրով

21 Մայիսի 2025, 11:58

Քաղաքականություն

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի պաշտպանության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովմանը:

«Մոսկվան շահագրգռված է Երևանի և Բաքվի հարաբերությունների լիարժեք կարգավորմամբ։ Մենք նախկինի պես մեր դաշնակցության կարևորագույն չափումներից մեկը համարում ենք անվտանգության ոլորտը»,- ասել է Լավրովը:

Նա նաև նշել է՝ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի Հայաստանն ակտիվորեն ներգրավվի հեռանկարային գործընթացներում ՇՀԿ շրջանակներում, ինչպես նաև ԲՐԻԿՍ հովանու ներքո:

Լավրովի խոսքով՝ ԵԱՏՄ-ն դառնում է ավելի արդյունավետ և ինքնաբավ՝ համաշխարհային շուկայում տիրող տուրբուլենտային իրադարձությունների ֆոնին ցուցադրելով կայունություն և արդյունավետություն: «Ակտուալ է նաև ԱՊՀ հարթակում փոխգործակցության ավելացումը»,-ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։