Մոսկվան շուտով հայտարարություն կտարածի Հայաստանի ղեկավարության՝ մի շարք հայտարարությունների վերաբերյալ. Զախարովա

25 Սեպտեմբերի 2023, 16:08

Քաղաքականություն

Մոսկվան շուտով հայտարարություն կանի Հայաստանի ղեկավարության՝ մի շարք հայտարարությունների վերաբերյալ, որոնք վնասում են երկկողմ հարաբերությունները։ Այս մասին «Россия-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կարող եմ ասել, որ, իհարկե, Մոսկվան ուշադրություն դարձրեց մի շարք հայտարարությունների վրա, որոնք առաջին հերթին չեն համապատասխանում իրականությանը և հակառակը, ես կասեի, որ հակադրվում են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, հայտարարություններ, որոնք արվել են Հայաստանի վարչապետի և Երևանի պաշտոնական ներկայացուցիչների կողմից։ Սրա մանրամասն պատասխանը կտրվի մոտ ապագայում»,- ասել է դիվանագետը՝ հավելելով, որ ՌԴ ԱԳՆ-ի համապատասխան հայտարարությունը բառացիորեն հաշված րոպեների ընթացքում կհրապարակվի։

Ավելի վաղ Փաշինյանը ասել էր, որ ՀԱՊԿ-ն ու հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգությունն ապահովելու համար։

Բացի այդ, իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանը հեռանում է Հարավային Կովկասից։ Վարչապետի խոսքով՝ ռուս խաղաղապահները չեն վերահսկում Լաչինի միջանցքը, քանի որ Ռուսաստանը դա կամ չի ուզում, կամ չի կարող։