Մոսկվայի երաժշտական դպրոցների աշակերտները հանդիպել են Կոմիտասի անվան լարային քառյակի երաժիշտների հետ
12 Դեկտեմբերի 2024, 09:24
Մոսկվայում տեղի է ունեցել Ա.Բաբաջանյանի և Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցների աշակերտների հանդիպումը Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի երաժիշտների հետ: Կոլեկտիվն այցելել է Ռուսաստանի մայրաքաղաք՝ իր հիմնադրման 100-ամյակին նվիրված հյուրախաղերով:
Համերգից առաջ կոլեկտիվի գեղարվեստական ղեկավար, առաջին ջութակ, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանը խոսել է քառյակի ստեղծման պատմության և նրա առաջին քայլերի մասին:
Քառյակի ելույթից հետո երեխաները շփվել են Էդուարդ Թադևոսյանի, Ալեքսանդր Կոսեմյանի, Սյուզի Երիցյանի և Անժելա Սարգսյանի հետ։
Նշենք, որ Կոմիտասի անվան պետական լարային քառյակը հիմնադրվել է Մոսկվայում 1924 թվականին, տեղի կոնսերվատորիայի հայ ուսանողներ Ավետ Գաբրիելյանի (1-ին ջութակ), Լևոն Օհանջանյանի (2-րդ ջութակ), Միքայել Տերյանի (ալտ) և Սերգեյ Ասլամազյանի (թավջութակ) նախաձեռնությամբ (ղեկավար Ե. Գուզիկով)։
2014 թ. նոյեմբերի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ քառյակին շնորհվել է «ազգային» կարգավիճակ։