Մոսկվայի դուրսմղումը Հարավային Կովկասից սկսվում է. Մովսես Ղազարյանը՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի ծրագրերի մասին
13 Փետրվարի 2026, 21:30
Քաղաքագետ Մովսես Ղազարյանը Alpha News-ի եթերում անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցին Հայաստան ու Ադրբեջան, վերլուծել Հարավային Կովկասում իրադարձությունների հետագա զարգացումը։
«Կարծում եմ, որ այժմ կսկսվի Մոսկվայի փուլային դուրսմղումը Հարավային Կովկասից։ Սակայն, իմ կարծիքով և զգացողություններով, ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա աստիճանաբար, այսինքն՝ հավասարակշռված, քանի որ Վաշինգտոնը չի ցանկանում չափից դուրս գրգռել Մոսկվային։ Առավել ևս, որ Վաշինգտոնն ունի շատ լուրջ առավելություն՝ ի դեմս Երևանում Փաշինյանի կաբինետի։ Այսինքն՝ որոշակի իմաստով նրանք առայժմ առանձնապես անհանգստանալու կարիք չունեն»,-նշել է փորձագետը:
Նա նաև անդրադարձել է ԱՄՆ-ի և Հայաստանի համագործակցության տեխնոլոգիական և գիտատար ասպեկտներին։ Ըստ նրա՝ այդ նախագծերի իրականացումից ստացվող օգուտի առյուծի բաժինը հասնելու է ԱՄՆ-ին։
«Բացի այդ, մեզ համար շատ հետաքրքիր է Nvidia ընկերության ենթակառուցվածքների և տարբեր հաշվողական կենտրոնների ներդրման հետ կապված պահը։ Ձևականորեն կթվա, թե դա դրական տնտեսական խարիսխ է, բայց պարզվում է, որ դա այդպես չէ. այդ նախագծի շրջանակներում գեներացվող հզորությունների 80%-ը նախատեսված են ամերիկյան ընկերությունների համար, և միայն 20%-ը՝ հայկական ձեռնարկությունների»,- նշել է Ղազարյանը:
Քաղաքագետի գնահատմամբ՝ Հայաստանի համար զենքի մատակարարումների ոլորտում ռազմավարական հետևողականություն չի նկատվում։
«Նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում մարտունակ հայկական բանակ ստեղծելու համար անհրաժեշտ են ոչ միայն անօդաչու սարքեր, այլև տանկեր, ծանր սպառազինություն, հրետանի և անձնակազմի զանգվածային վերապատրաստումներ։ Սակայն դա տեղի չի ունենում։ Եվ այդ ԱԹՍ-ները հազիվ թե գտնվեն ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ։
Սա հենակետ է, որն ուղղված է ոչ միայն Իրանի, այլև ավելի հեռավոր թիրախների դեմ։ Վաշինգտոնի նպատակն է հետախուզական առումով ընդգրկել ինչպես Մերձավոր Արևելքի, այնպես էլ Ասիայի երկրները, մասնավորապես՝ Չինաստանը»,- եզրափակել է նա: