Մոսկվայի և Երևանի միջև շարունակվում է բազմակողմ քաղաքական երկխոսությունը. Զախարովա

27 Մարտի 2025, 15:00

Քաղաքականություն

Մոսկվայի և Երևանի միջև շարունակվում է բազմակողմ քաղաքական երկխոսությունը, երկու երկրների ղեկավարները մշտական կապի մեջ են: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետը վերջերս ընդունել է Մոսկվա այցելելու հրավերը՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:

«Վերջերս տեղի են ունեցել երկու երկրների ԱԳ նախարարների տեղակալների խորհրդակցությունները. աշխատում են միջկառավարական, միջխորհրդարանական մեխանիզմներ, ակտիվ միջգերատեսչական փոխգործակցություն է ընթանում, կայացել է ագրոարդյունաբերական համալիրի խնդիրների շուրջ կլոր սեղան։ Նախաձեռնություններ կան կրթամշակութային և հումանիտար ոլորտներում։ Նախատեսվում է, որ հաջորդ ամիս հայկական պատվիրակությունը կայցելի «Սիրիուս» կրթական կենտրոն, որպեսզի արագացնի Ջերմուկում շնորհալի երեխաների համար ռուսական կրթական կենտրոնի բացումը», — ասել է դիվանագետը։

Հայաստանը, նրա խոսքով, ավանդաբար աջակցում և համահեղինակում է նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ ռուսական բանաձևերի մեծ մասը: Զախարովան հավելել է, որ դեռևս կան «չլուծված պահեր», որոնք կարգավորում են պահանջում, որ չվնասեն երկու երկրների հարաբերություններին:

Զախարովան հավելել է, որ, Մոսկվայի կարծիքով, Երևանը զգում է Եվրասիական ինտեգրացիոն նախագծում ակտիվ մասնակցության գործնական օգուտները, գիտակցում է դրա կարևորությունը երկրի սոցիալ-տնտեսական կայունության և անվտանգության համար։