Մոսկվայի հայ մտավորականներն Արցախի հարցով առաջարկությունների փաթեթ կփոխանցեն ՌԴ ԱԳՆ-ին
12 Օգոստոսի 2023, 17:47
Մոսկվայի հայ մտավորականության ներկայացուցիչներն այցելել են Ռուսաստանի ԱԳՆ և ընդունելության խնդրագիր ներկայացրել ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար կազմի կողմից:
Պատվիրակությունն ընդունելությանը մտադիր է առաջարկությունների փաթեթ փոխանցել տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակից դուրս գալու ուղիների վերաբերյալ:
Պատվիրակության կազմում են ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, հասարակական գործիչ և ռազմական լրագրող, Ռուսաստանի և Մոսկվայի լրագրողների միությունների անդամ Արամ Խաչատրյանը, պատվավոր փաստաբան, «АРМРОСТ» ռուս-հայկական իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փիլիսոփա Ռուբեն Կիրակոսյանը, «Արարատ» հայկական կրթամշակութային ընկերության խորհրդի նախագահ Ալբինա Սուքիասյանը, Ռուսաստանի Զինված ուժերի ցամաքային զորքերի վետերանների խորհրդի պատվավոր նախագահ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:
Խմբի գաղափարներից մեկն էլ պետական իշխանության մարմինների հետ բանակցություններին ժողովրդական դիվանագիտության ինստիտուտների՝ հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակահարմարությունն է։
Պատվիրակությունն իր նախաձեռնությունը հիմնավորել է տարածաշրջանում Ռուսաստանի ավանդական աշխարհաքաղաքական ներկայության պահպանման կարևորությամբ՝ հանուն Ռուսաստանի հարավային սահմանների անվտանգության ապահովման, ինչպես նաև որպես Արցախի ժողովրդի ֆիզիկական և քաղաքակրթական անվտանգության երաշխիք՝ ծագող էքզիստենցիալ մարտահրավերների ֆոնին։