Մոսկվայի հայկական թանգարանի հավաքածուն համալրվել է արժեքավոր ատլասով

22 Հունվարի 2025, 16:35

Մշակույթ

Մոսկվայի հայկական թանգարանի հավաքածուն համալրվել է «Հայաստանի պատմական քարտեզագրություն» ատլասի ֆաքսիմիլային հրատարակությամբ։ Այս աշխատությունն առաջին անգամ լույս է տեսել 1960 թվականին՝ աշխարհագրագետ և քարտեզագիր Զատիկ Խանզադյանի երկարամյա աշխատանքի շնորհիվ։

Ատլասը ֆրանսերեն լույս է տեսել Փարիզի մերձակայքում գտնվող Կուրբևուա (ֆր.՝ Courbevoie) քաղաքում։ Քարտեզագրական բաժնին նախորդում է Հայաստանի պատմությանն ու մշակույթին նվիրված ընդարձակ տեղեկատու բաժինը։ Ատլասը բաղկացած է երկու հատորից: Դրանք պարունակում են ավելի քան 40 քարտեզներ, որոնցում պատկերված է Հայաստանն իր գոյության տարբեր պատմական ժամանակաշրջաններում։ Այժմ Զատիկ Խանզադյանի եզակի ստեղծագործության ֆաքսիմիլային տարբերակը կարելի է տեսնել հայկական թանգարանում։
Թանգարանը նախատեսում է այն թարգմանել և հրատարակել ռուսերեն և անգլերեն լեզուներով։