Մոսկվայի հայկական թանգարանում դասախոսություններ կանցկացվեն Վարդգես Սուրենյանցի և Արտավազդ Փելեշյանի մասին
09 Հունվարի 2025, 20:45
Հունվարի 16-ին Մոսկվայի հայկական թանգարանում տեղի կունենա «Պատկերային լուծումը Վարդգես Սուրենյանցի կտավներում» թեմայով դասախոսություն: Դասախոսության ընթացքում կխոսեն, թե ինչպես են պատմականությունն ու մոդեռնիզմը համատեղվում նկարչի ստեղծագործության մեջ, ինչ տեսողական միջոցների օգնությամբ է հեղինակը ստեղծում ինքնատիպ և գրավիչ պատկեր:
Հունվարի 23-ին էլ տեղի կունենա «Արտավազդ Փելեշյանի վիզուալ նարատիվն ու մեթոդը» թեմայով դասախոսություն, որի ընթացքում կխոսվի ոչ այնքան բեմադրիչի և նրա ստեղծագործական կենսագրության, որքան Փելեշյանի գաղափարների ազդեցության մասին կինոյի և շարժվող պատկերների հետ աշխատելու պրակտիկայի վրա։
Միջոցառման համար ընտրվել են կարճամետրաժ ֆիլմերի ռեժիսորների աշխատանքները, որոնք կներկայացվեն դասախոսությունների ժամանակ։
Բացի այդ, ըստ աղբյուրի, հունվարի 30-ին տեղի կունենա կարճամետրաժ ֆիլմերի կինոդիտում, իսկ հունվարի 31-ին՝ «Կարմիր, կապույտ, ծիրանագույն. Երիտասարդ արվեստի ցուցահանդես» խորագրով ցուցահանդեսը:
«Այս ցուցահանդեսը Հայկական թանգարանի բաց կոչի արդյունքն է, որը երիտասարդ հեղինակներին երկխոսության և փորձի փոխանակման հնարավորություն է տվել։ Նկարիչների գործերը, որոնք արված են տարբեր ոճերով և տեխնիկայով, ցույց են տալիս ժամանակակից հայկական արվեստի հարստությունն ու բազմազանությունը»,- նշում են կազմակերպիչները։