Մոսկվայի հայկական թանգարանում կբացվի Ցեղասպանության թեմայով ցուցահանդես
06 Ապրիլի 2025, 10:40

Ապրիլի 23-ին Մոսկվայի հայկական թանգարանում կբացվի «Հիշողության վերքեր. Հայոց ցեղասպանությունը բառերով և պատկերներով» խորագրով ցուցահանդեսը։ Այս մասին տեղեկանում ենք թանգարանի կայքից։
Ցուցահանդեսը պատմում է 20-րդ դարի ամենասարսափելի էջերից մեկի մասին։ Այն բացահայտում է ցեղասպանության պատմական համատեքստը՝ սկսած հայերի վիճակից մինչև տեղահանություն, մշակութային ժառանգության ոչնչացում և սփյուռքի ձևավորում։ Ցուցահանդեսին ներկայացված են ականատեսների վկայություններ և փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս ողբերգության մասշտաբները և աշխարհի արձագանքն այս իրադարձություններին: