Մոսկվայի հետ հարաբերություններում Բաքուն արդեն հատում է կարմիր գիծը. Անդրանիկ Հովհաննիսյան

28 Հունվարի 2025, 22:30

Կարծիք | Քաղաքականություն

Ադրբեջանի իշխանությունները փորձում են հետաքրքրություն առաջացնել Վաշինգտոնի մոտ։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյան՝ անդրադառնալով ռուս-ադրբեջանական հարաբերություններին։

«Թե ինչու են սրվում ռուս-ադրբեջանական հարաբերությունները, պետք է դիտարկել 3 տեսանկյունից։ Եթե ավելի լայն տեսանկյունից դիտարկենք այս գործընթացը, ապա ստացվում է՝ Ադրբեջանի իշխանությունները, տեսնելով, որ ԱՄՆ-ում փաստացի նոր աշխատակազմ է գալիս և կտրուկ կարող է փոխել իր քաղաքականությունը տարբեր շրջանների ուղղությամբ, փորձում են հետաքրքրություն առաջացնել Վաշինգտոնի մոտ Ադրբեջանի ուղղությամբ։ Ստեղծված աշխարհակարգում քանի որ կա Մոսկվայի և Վաշինգտոնի, Պեկինի ու Վաշինգտոնի, և այլ գերտերությունների միջև այդ մրցակցությունը, Ադրբեջանը փորձում է իրեն ներկայացնել որպես հակառուսական։ Այլ կերպ ասած՝ փորձում է Հայաստանից խլել այդ դերը և ուշադրությունն իր ուղղությամբ սևեռել»,- նշել է Հովհաննիսյանը։

Միջազգայնագետն ընդգծել է, որ Ադրբեջանը կարող է խնդիրներ առաջացնել թե՛ Իրանի, թե՛ ՌԴ-ի համար։

«Չեմ կարող վստահորեն ասել դա կհաջողվի, թե չէ, բայց, այնուամենայնիվ, պետք է նշել, որ Վաշինգտոնի մոտ առանց դրա էլ կար հետաքրքրություն Ադրբեջանի ուղղությամբ, քանի որ սա այն պետությունն է, որը կարող է խնդիրներ առաջացնել թե՛ Իրանի, թե՛ ՌԴ-ի համար։ Եվ քանի որ ԱՄՆ-ն իրենց համար գլխավոր մրցակցային երկրներից է, այս գործընթացի մեջ Ադրբեջանը կարող է իր ազդեցությունն ունենալ։ Այսպիսով, Ադրբեջանը փորձում է հետաքրքրություն առաջացնել ԱՄՆ-ի մոտ, քանի որ մեր տարածաշրջանում, հատկապես վերջին շրջանում, երբ լարվել են հարաբերությունները Վրաստանի և Արևմուտքի միջև, ՀՀ-ն է դիտարկվում այն պետությունը, որը կարող է գրավել ԱՄՆ-ի ուշադրությունը»,- եզրափակել է Հովհաննիսյանը։

Հիմա եթերում