Մոսկվայի հիմնական խնդիրն է՝ Սիրիայում ռազմաբազաների պահպանումն ու նոր կառավարության հետ երկխոսությունը. Ասլան Ռուբաև

12 Դեկտեմբերի 2024, 22:30

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Ասլան Ռուբաևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Սիրիայում տիրող իրավիճակը:

«2015 թվականից ի վեր Սիրիայի քաղաքական կայունությունն ու անվտանգությունն ապահովում էին ռուսական օդատիեզերական ուժերը և մասնավոր ռազմական ընկերությունը, բայց, ինչպես պարզվեց, դա բավարար չէր։ Անվտանգության տեսանկյունից Ռուսաստանը Սիրիայի համար արել է ամեն բան և նույնիսկ ավելին։ Որպես դաշնակից և որպես բարեկամ՝ Ռուսաստանն ազատագրել է Սիրիայի բազմաթիվ քաղաքներ։ Սակայն դա բավարար չէր։

Ասադը (Սիրիայի նախկին նախագահ) պետք է ընդուներ Մոսկվայի առաջարկները, բարեփոխումներ իրականացներ, թարմացներ բանակը, որոշակի ինքնավարություն տրամադրեր քրդերին և դրուզներին՝ նրանց իր կողմը գրավելու համար։ Նա պետք է ավելի լոյալ լիներ ընդդիմադիր ուժերի նկատմամբ և ավելի հաճախ կապ հաստատեր Մոսկվայի հետ՝ խնդրելով ավելի շատ քաղաքական խորհրդակցություններ։ Մոսկվան պատրաստ էր երկխոսության, բայց Ասադը օգտագործեց միայն Ռուսաստանի ռազմական և ֆինանսական օգնությունը: Նա չի ցանկացել ավելի ուշադիր լինել Ռուսաստանի այն առաջարկների նկատմամբ, որոնք ստացվում էին։ Մենք տեսանք, որ վերջին տարիներին Ասադին չի աջակցել ո՛չ սիրիական բանակը, ո՛չ էլ Սիրիայի ժողովուրդը։ Դա նրա ներկայիս պարտության հիմնական պատճառներից մեկն է՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական: Բավարար աջակցություն չկար ո՛չ զինվորականների, ո՛չ քաղաքացիական բնակչության շրջանում», — ասել է Ռուբաևը։

Փորձագետի կարծիքով՝ այսօր Մոսկվայի գլխավոր խնդիրը Սիրիայում ռազմաբազաները պահելն ու նոր կառավարության հետ երկխոսություն հաստատելն է։

«Մոսկվան, անշուշտ, ափսոսանքով է ընդունել Սիրիայում տեղի ունեցածը։ Իշխանության են գալիս ոչ միայն ահաբեկիչները (ինչպես հիմա ընդունված է ասել), այլև ընդդիմությունը։ Այսօր Մոսկվայի գլխավոր խնդիրը Սիրիայում ռազմաբազաներ պահելն ու սիրիական նոր կառավարության հետ երկխոսություն հաստատելն է, ինչը չափազանց կարևոր է Ռուսաստանի աշխարհաքաղաքականության համար: Մոսկվան, Ռուսաստանը և Պուտինը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ չեն լքում իրենց դաշնակիցներին։ Ասադին և նրա ընտանիքին քաղաքական ապաստան է տրամադրվել։ Սակայն այն, որ Ասադը անիծվելու է Սիրիայի ժողովրդի կողմից, անվիճելի փաստ է: Նա երկիրը հասցրեց սուբյեկտայնության, ինքնիշխանության կորստի և աղետի։ Դա սպասելի էր, քանի որ վերջին շրջանում Սիրիան գտնվում էր Իսրայելի, Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի ուշադրության ներքո:

Ուստի այն պնդումները, թե Մոսկվան նպաստել է Ասադի անկմանը, սխալ են։ Դա արել են առաջին հերթին Իրանն ու Թուրքիան, ինչպես նաև արաբական աշխարհը, որն ի վիճակի չէ կայուն պետություն ստեղծել և օգնել Ասադին հաղթել ահաբեկչությունը։ Արաբների անմիաբանությունը հանգեցրեց ներկա իրավիճակին։ Այսօր գլխավոր խնդիրն է կանխել արմատական իսլամիստական խմբավորումների աճը Մերձավոր Արևելքում և վերջապես խաղաղություն հաստատել սիրիական բազմաչարչար հողում: Կարծում եմ՝ Մոսկվան արդեն աշխատում է Սիրիայի նոր կառավարության հետ՝ ռազմաբազաները պահելու և սիրիացիների համար խաղաղ կյանք ապահովելու համար։ Մոսկվան, իհարկե, ցավով ու ափսոսանքով է ընդունում Ասադի իշխանության կորուստը։ Ռուսաստանի ջանքերից, հաղթանակներից և զոհողություններից հետո արդյունքը սարսափելի է և խորը ափսոսանք է առաջացնում», — եզրափակել է Ռուբաևը։