Մոսկվայի կոնսերվատորիայում հնչել է կոմպոզիտոր Սոֆյա Միքայելյանի «Հայր մեր» ստեղծագործությունը
06 Հուլիսի 2024, 21:18
Մոսկվայի կոնսերվատորիայում հնչել է կոմպոզիտոր Սոֆյա Միքայելյանի (Սանկտ Պետերբուրգ) «Հայր մեր» ստեղծագործությունը՝ կամերային երգչախմբի կատարմամբ: Միջոցառումը տեղի է ունեցել «Դիրիժորների էստաֆետ-2024» խորագրով փառատոնի շրջանակներում։
2014 թվականին, ստեղծագործության ստեղծման տարում, այն դարձել է «21-րդ դարի երգչախմբային լաբորատորիա» համառուսաստանյան կոմպոզիտորական մրցույթի հաղթող: 2023 թվականի ապրիլի 23-ին ստեղծագործությունը կատարվել է Սանկտ Պետերբուրգի Ռադիոյի տանը՝«MusicAeterna»-ի մենակատարների կատարմամբ՝ մաեստրո Թեոդոր Կուրենցիսի գլխավորությամբ։ 2023 թվականի նոյեմբերին «Հայր մեր»-ը ներկայացվել է նաև Մոսկվայի կոնսերվատորիայի Ռախմանինովի անվան դահլիճում «Հինգ երեկո» կամերային փառատոնում։
Սոֆյա Միքայելյանը գրում է գործիքային և երգչախմբային ստեղծագործություններ, այդ թվում՝ հոգևոր երաժշտություն՝ միջնադարի և Վերածննդի հայ հեղինակների բանաստեղծությունների հիման վրա: Դաշնակահարուհի, կոմպոզիտոր, մանկավարժ, հասարակական գործիչ Սոֆյա Միքայելյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ է, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ, Սանկտ Պետերբուրգի կոմպոզիտորների և համերգային գործիչների միության անդամ:
Կոմպոզիտորը Սանկտ Պետերբուրգում, Վոլոգդայում, Կալուգայում բազմաթիվ կատարողական և կոմպոզիտորական մրցույթների, ինչպես նաև «Golden Time տաղանդ» մրցույթի դափնեկիր է (Գրան պրի «Կոմպոզիտորներ» անվանակարգում, Մեծ Բրիտանիա, Լոնդոն):
Սոֆյա Միքայելյանի ակտիվ գործունեությունն ուղղված է հայկական ավանդական բանահյուսության և հայ դասական երաժշտության հանրահռչակմանը: Նրա նախաձեռնած «Ռուս-հայկական ստեղծագործական կամուրջ» նախագիծն անգնահատելի ներդրում ունի Ռուսաստանի և Հայաստանի մշակութային հարաբերությունների զարգացման գործում։