Մոսկվայի մարզում կանցկացվի «Յուրի Դոխոյանի հուշամրցաշար» շախմատային փառատոնը

15 Նոյեմբերի 2024, 18:50

Սպորտ

Մոսկվայի մարզի «Գորկի Լենինսկի» արգելոց-թանգարանում նոյեմբերի 15-17-ը կանցկացվի «Յուրի Դոխոյանի հուշամրցաշար» շախմատային մասշտաբային փառատոնը: Մրցաշարի գլխավոր հյուրն է ռուս շախմատիստ, գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը:

«Ինձ համար հատկապես կարևոր է, որ սա հրաշալի մարզիչ և տեսաբան, իմ մարզիչ Յուրի Ռաֆայելի Դոխոյանի հիշատակի փառատոն է։ Նրա ղեկավարությամբ էր, որ Ռուսաստանի կանանց հավաքականը նվաճեց համաշխարհային օլիմպիադայի ոսկե մեդալը, իսկ տղամարդկանց հավաքականը՝ արծաթե: Դոխոյանը մեծացրել է գրոսմայստերների մի քանի սերունդ, արժանացել ՖԻԴԵ-ի սենոր-մարզչի և Ռուսաստանի վաստակավոր մարզչի կոչումների: 2024 թվականի հոկտեմբերի 26-ին նա կդառնար 60 տարեկան», — պատմել է Կարյակինը։

Փառատոնի ծրագրում կընդգրկվեն երեխաների և մեծահասակների համար նախատեսված կայծակնային և արագ շախմատի 4 մրցաշարեր: Բոլոր մրցումները կանցկացվեն շվեյցարական մրցակարգով՝ 11 տուրով:

Յուրի Դոխոյանը խորհրդային և ռուս շախմատիստ է, շախմատի ԽՍՀՄ սպորտի վարպետ (1983), գրոսմայստեր (1988), շախմատի մարզիչ, Ռուսաստանի վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ (2007): Յուրի Դոխոյանը մահացել է 2021 թվականին՝ կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդություններից։