Մոսկվայի պետական համալսարանում ներկայացվել է Ծովակալ Իսակովի մասին մենագրությունը

31 Հոկտեմբերի 2025, 21:28

Մշակույթ

Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում տեղի է ունեցել «Ծովակալ Իսակով» մենագրության շնորհանդեսը, որը նվիրված է ծովակալ, Խորհրդային Միության հերոս Հովհաննես Ստեփանի Իսակովի ծննդյան 130-ամյակին։ Այն «Անիվ» հիմնադրամի և ՄՊՀ պատմության ֆակուլտետի երկարամյա աշխատանքի արդյունք է։

Ուսումնասիրությունը հիմնված է ինը երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Նիդեռլանդների, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի և Էստոնիայի արխիվների, թանգարանների և մասնավոր հավաքածուներից ստացված փաստաթղթերի վրա։

ՄՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Լև Բելոուսովի խոսքով՝ գիտական շրջանառության մեջ են դրվել աղբյուրներ, որոնցից շատերն առաջին անգամ են հրապարակվում։ «Մենագրությունը գիտական շրջանառության մեջ է դնում նոր պատմական տվյալներ և փաստաթղթեր, որոնք հավաքվել են 42 արխիվներում, թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։ Այն բացահայտում է բոլորովին նոր էջեր այս զարմանալի մարդու կյանքում, իսկ նրա միջոցով՝ նաև մեր ընդհանուր պատմության մեջ»,- նշել է Բելոուսովը։

Մենագրությունը բաղկացած է չորս գլուխներից, որոնցում մանրամասն վերականգնված են ծովակալի կյանքի առանցքային իրադարձությունները՝ սկսած Առաջին համաշխարհային և Քաղաքացիական պատերազմներին մասնակցությունից մինչև Հայրենական մեծ պատերազմի տարիներին գլխավոր ծովային շտաբի ղեկավարումը։

Ռուսաստանցի գործարար, բարերար, «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Սողոմոնյանն ընդգծել է. «Գլխավոր արժեքը Իսակովի անձի բացահայտումն է, որն իսկապես եզակի է ինչպես մասնագիտական, այնպես էլ մարդկային առումներով։ Նա մեծ հայրենասեր էր։ Ես, օրինակ, մինչև գիրքը կարդալը չգիտեի, թե որքանով էր նա իսկապես նվիրված իր հայրենիքին։ Իվան Ստեփանովիչը միշտ հպարտացել է իր հայկական, ղարաբաղյան արմատներով, թեև նրա մայրը էստոնուհի էր։ Նա նույնիսկ Ամերիկայից բերել է Վիլսոնի քարտեզը՝ դեպարտամենտի կնիքով, որը հաստատում էր Արևմտյան Հայաստանի հայկական հողերի պատկանելությունը, որոնք այժմ գտնվում են Թուրքիայում»։

Շնորհանդեսի ընթացքում նշվել է, որ մենագրությունն ունի ոչ միայն պատմական, այլև դաստիարակչական նշանակություն։ Հեղինակներն ընդգծել են, որ հրատարակության հավաստիությունը և փաստագրական հիմքն այն դարձնում են գիտական բարեխղճության և հայրենասիրության օրինակ։

«Հուսով ենք՝ երիտասարդները կկարդան այս գիրքը, որը նվիրված է եզակի մի մարդու։ Նա անկեղծորեն նվիրված էր հայրենիքին և չափազանց տաղանդավոր էր։ Ինձ համար այս գիրքը խորհրդանշում է նաև մեր ժողովուրդների միասնությունը։ Թեև ես ռուս եմ, քառորդ չափ՝ բելառուսցի, Հայաստանն իմ պատմության մի մասն է»,- հավելել է Լև Բելոուսովը։

Միջոցառման մասնակիցների խոսքով՝ հրատարակությունը դարձել է կամուրջ դարաշրջանների և ժողովուրդների միջև, որը հիշեցնում է՝ պատմությունն աբստրակցիա չէ, այլ կենդանի ճակատագրեր և ընդհանուր հիշողություն։