Մոսկվայի պետական համալսարանում սեպտեմբերից կբացվի հայոց լեզվի և հայագիտության բաժին
12 Հուլիսի 2024, 09:07
Մոսկվայի Մ.Վ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների ամբիոնում կբացվի հայոց լեզվի և հայագիտության բաժին: Այս մասին գրում է armenianchurch.ru-ն:
Այս կապակցությամբ հուլիսի 9-ին Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հանդիպել է այդ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Մուրավյովի հետ:
Նրա խոսքով, ամբիոնը և հայագիտության բաժինն իրենց աշխատանքները կսկսեն սեպտեմբերին։ Այստեղ կուսումնասիրեն հայոց լեզուն, այդ թվում՝ գրաբարը (հին հայոց լեզուն), հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը, ինչպես նաև կզարգացնեն համագործակցությունը Հայաստանի բուհերի և այլ երկրների հայագիտական կենտրոնների հետ։ Այսպիսի գործունեությունը կնպաստի հայ և ռուս ժողովուրդների հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը։
Բաժնի դասավանդմամբ և համակարգմամբ զբաղվելու է Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների ամբիոնի շրջանավարտ, ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտ Անուշ Մարգարյանը:
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Հայկական ուսումնասիրությունների կենտրոնը գործում է 2015 թվականից: Այս տարիների ընթացքում կենտրոնը կազմակերպել է 5 միջազգային գիտաժողով, ֆորումներ հայ մշակույթի և Հայոց ցեղասպանության թեմայով, կլոր սեղաններ, հանդիպումներ և գրքերի շնորհանդեսներ: