Մոսկվայի պետական կոնսերվատորիայի դահլիճում խաչատրյանական նոտաները հայ-ռուսական բարեկամության յուրօրինակ կամուրջ էին հյուսել
20-րդ դարի լավագույն կոմպոզիտորներից մեկը համարվող Արամ Խաչատրյանի 120-ամյակը մեծ շուքով նշվում է Ռուսաստանի տարբեր քաղաքներում։
Կոմպոզիտորի 120-ամյակին նվիրված երաժշտական փառատոնում առանցքային էր Գալա-համերգը՝ կազմակերպված հենց ծննդյան օրը Մոսկվայի պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում։
Գալա-համերգին հնչել են Խաչատրյանի ամենահայտնի և սիրելի ստեղծագործությունները՝ ՌԴ պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի դիրիժորությամբ։
«Թավջութակի կոնցերտ-ռապսոդիայի» ողջ հմայքը հանդիսատեսին փոխանցել է աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։
Գալա-համերգից առաջ Արամ Խաչատրյանի ընտանիքի անդամների հետ միասին ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչները, Մոսկվայի պետական կոնսերվատորիայի ղեկավար կազմը ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի՝ Մոսկվայի կենտրոնում տեղակայված հուշարձանին։