Մոսկվային Վաշինգտոնով փոխարինելու փորձերն ավարտվում են ֆիասկոյով. Ալեքսեյ Անպիլոգով

26 Սեպտեմբերի 2025, 19:30

Կարծիք | Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Անպիլոգովը Alpha News-ին տված հարցազրույցում գնահատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի արդյունքները և նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Փորձագետի խոսքով՝ չնայած Փաշինյանի հայտարարություններին, Ռուսաստանը մնում է առանցքային դերակատար տարածաշրջանում։

«Ռուսաստանը ոչ մի տեղ չի գնում Անդրկովկասից, և Ռուսաստանի Դաշնության փոխարեն այնտեղ Միացյալ Նահանգներին ներգրավելու բոլոր փորձերն առայժմ ավարտվում են ֆիասկոյով։ Ես ոչ մի առաջընթաց չեմ տեսնում, և ինձ համար դժվար է հասկանալ, թե Փաշինյանն ինչպես է պատրաստվում մանևրել այդ բարդ ու այլընտրանք չունեցող իրավիճակում, որի մեջ նա ինքն իրեն և Հայաստանը ներքաշել է»,- ասել է Անպիլոգովը։

Քաղաքագետը նշել է, որ Ռուսաստանի համար Անդրկովկասը կենսական անհրաժեշտության և անվտանգության գոտի է։

«Ռուսաստանին հանել Անդրկովկասի հարաբերությունների հավասարումից պարզապես անհնար է։ Ռուսաստանն այստեղ իսկապես կարող է հանդես գալ որպես երաշխավոր՝ ի տարբերություն Միացյալ Նահանգների, որը շատ բան է հայտարարել, բայց իրականում ցուցաբերել է տարածաշրջանում ներգրավվածության ցածր աստիճան։ Ռուսաստանի շահերը մեծ մասամբ համընկնում են Հայաստանի ինքնիշխանության պահպանման հարցում հայկական շահերի հետ, որովհետև եթե Ռուսաստանի դեմ ձևավորվի թյուրքալեզու պետությունների միասնական գոտի, այսպես կոչված՝ «Մեծ Թուրան»-ը, դա լուրջ մարտահրավեր կդառնա ոչ միայն Մոսկվայի, այլև բուն Հայաստանի համար»,- եզրափակել է Անպիլոգովը։