Մոսկվայում անցկացվում է Համառուսաստանյան փառատոն՝ նվիրված Փարաջանովի 100-ամյակին
Այս տարի ողջ աշխարհը նշում է կինոյի մեծ վարպետ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակը: «Parajanov -fest» մասշտաբային փառատոնը Մոսկվայի հեղինակավոր հարթակներում մեկնարկել է հոկտեմբերի 5-ին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 30-ը: Փառատոնի հիմնական հարթակը Ռուսական բանակի Կենտրոնական տունն է։
«Parajanov-fest» մասշտաբային փառատոնն իրականացնում են Մոսկվայի Ս. Փարաջանովի անվան թատրոնը և ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակութային կենտրոնը՝ ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Կազմակերպիչների խոսքով՝ փառատոնի առաքելությունն է արտացոլել մեծ վարպետի հոգևոր բարձր իդեալները, նրա փիլիսոփայության գեղեցկությունը և մարդասիրության աստիճանն արվեստում:
«Այս շատ անհանգիստ ժամանակներում ուզում եմ շոշափել Փարաջանովի արվեստը, որպեսզի ժամանակակից հանրությունը կարողանա ուժ գտնել իր մեջ ստեղծագործելու համար», — Alpha News-ին ասել է փառատոնի նախագահ, Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մշակութային կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն:
Փառատոնի շրջանակներում բացվել է «Փարաջանովի ստվերները» ցուցահանդեսային նախագիծը, որտեղ ներկայացված կլինի ժամանակակից նկարիչների 100 աշխատանք: Նախատեսվում են նաև վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ վարպետի կյանքի և ստեղծագործության մասին: Փառատոնը կամփոփի Փարաջանովյան գալա համերգով, որը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին Ռուսական բանակի կենտրոնական տան Սյունազարդ դահլիճում: