Մոսկվայում և Մերձմոսկվայում հաշվառումից կհանեն բջջային հավելվածի տեղորոշման ծառայությունն անջատած միգրանտներին

07 Հուլիսի 2025, 22:52

Քաղաքականություն

Մոսկվայում և Մերձմոսկվայում աշխատանքային միգրանտներին հաշվառումից կհանեն, եթե նրանց հեռախոսը 3 օրից ավելի գեոլոկացիա ցույց չտա: Այս մասին ասվում է ՌԴ ՆԳՆ հրամանի նախագծում։

Սա վերաբերում է այն օտարերկրացիներին, որոնք մասնակցում են փորձարկմանը, որը նախատեսում է նրանց գրանցումը հատուկ հավելվածում։ Այսինքն, եթե միգրանտն անջատի հեռախոսը, մեկնի կամ չօգտագործի հավելվածը, դա կարող է հիմք դառնալ հաշվառումից հանելու համար։ Օտարերկրացիների նկատմամբ վերահսկողության ուժեղացման փորձարկումը կմեկնարկի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։ Օրինագիծը մշակվել է ՌԴ Պետդումայում։

Միգրանտները պետք է հանձնեն կենսաչափական տվյալներ, գրանցվեն բջջային հավելվածում և ինքնուրույն ՆԳՆ-ին փոխանցեն իրենց գտնվելու վայրի մասին տվյալները։ Իսկ գեոլոկացիայի միջոցով համապատասխան մարմինները կորոշեն նրանց փաստացի գտնվելու վայրը։ Վերահսկողությունը շրջանցելու փորձի դեպքում օտարերկրացիները կներառվեն վերահսկվող անձանց ռեգիստրում և ենթակա կլինեն Ռուսաստանից արտաքսման։