Մոսկվայում հրաժեշտ են տվել լեգենդար բևեռախույզ Արթուր Չիլինգարովին

04 Հունիսի 2024, 16:15

Հայեր

Քրիստոս Փրկչի տաճարի Պայծառակերպության եկեղեցում վերջին հրաժեշտն են տվել լեգենդար բևեռախույզ, Արկտիկայի և Անտարկտիկայի հետազոտող, Ռուսաստանի հերոս, ՌԴ նախագահի նախկին խորհրդական Արթուր Չիլինգարովին։ Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պատգամավորին հրաժեշտ տալու եկածների թվում են հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը, բազմաթիվ այլ հայտնիներ, այդ թվում՝ Չիլինգարովի Պետդումայի գործընկերները:

Եկեղեցու բակում բազմաթիվ պսակներ կան, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից։

Արարողությունից հետո Չիլինգարովին կհուղարկավորեն Նովոդևիչի գերեզմանատանը։

Հայազգի մեծանուն բևեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2003), Պետական ծովային ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր, Խորհրդային Միության հերոս Արթուր Չիլինգարովն ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես միակ բևեռախույզը, ով 6 ամսվա ընթացքում եղել է Երկրի երկու բևեռներում։ Նա եղել է ՌԴ Պետդումայի հինգ գումարումների պատգամավոր, Պետդումայի փոխնախագահ։