Մոսկվայում կայացել է Մարիկա Գևորգյանի «Ես այլևս այստեղ չեմ ապրում» գրքի շնորհանդեսը

20 Հունիսի 2024, 19:55

Մշակույթ

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան մշակույթի բաժնի նախաձեռնությամբ Մոսկվայում տեղի է ունեցել Մարիկա Գևորգյանի «Ես այլևս այստեղ չեմ ապրում» գրքի շնորհանդեսը։  

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ գրական միջոցառմանը բացման և ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մշակույթի բաժնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն, ով նշել է, որ բաժնի 6 տարվա գործունեության ընթացքում շնորհանդեսը հոբելյանական 200-րդ միջոցառումն է։  

«Գրքում պատկերվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանը՝ իր հնամենի շենքերով ու կերպարներով։ Այստեղ յուրաքանչյուրս կարող ենք գտնել մեզ»,-նշել է նա։  

Հեղինակ Մարիկա Գևորգյանի խոսքով՝ գրքում զետեղվել են տարբեր տարիներին գրված պատմվածքներ, նովելներ և կինոպատումներ: «Ստեղծագործությունների մեծ մասի գործողությունները ծավալվում են Հայաստանում, իսկ կերպարները ներկայացված են ժամանակի համապատկերում։ Այստեղ էականն այն է, որ պատմություններից շատերը իրական, հաճախ նաև իմ կյանքի դրվագներն են, որտեղ այս կամ այն ծանր իրավիճակում հայտնված մարդն ի վերջո որոշում է կայացնում արժեքի՝ մերձավորի հանդեպ սիրո օգտին»,-ընդհանրացրել է Գևորգյանը։