Մոսկվայում կայացել է «Նռանե» երգչախմբի առաջին համերգը

01 Օգոստոսի 2024, 09:08

Մշակույթ

Հայ Առաքելական Եկեղեցու Մոսկվայի «Ժամանց» մշակութային կենտրոնի դահլիճում տեղի է ունեցել «Նռանե» երգչախմբի երկար սպասված առաջին համերգը՝ նվիրված մեծանուն Կոմիտաս վարդապետին: Երգչախմբի ղեկավարն է Անժելա Վարդազարյանը:

Համերգը սկսվել է մեծ երաժշտի կյանքին և ստեղծագործական գործունեությանը նվիրված կարճամետրաժ կրթական ֆիլմի ցուցադրությամբ: Երգչախումբը կատարել է հոգևոր և ժողովրդական երգեր, ինչպես նաև հատվածներ Սուրբ Պատարագից: Հնչել են «Անտունի» և «Կռունկ» երգերը՝ մեներգչուհի Աղավնի Կիրակոսյանի կատարմամբ:

Միջոցառմանը ներկա էր Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Իր խոսքում նա նշել է, որ համերգը ոչ միայն երաժշտական իրադարձություն էր մոսկվայաբնակ հայերի կյանքում, այլև կարևոր քայլ էր հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման գործում: Նա նաև երախտագիտություն է հայտնել երգչախմբի անդամներին, գեղարվեստական ղեկավար Վարդազարյանին իրենց կատարողական տաղանդի, համերգային հրաշալի ծրագրի և մասնագիտական պատրաստվածության համար:

Հիմա եթերում