Մոսկվայում կայանալիք Our Generation մրցույթին Հայաստանը կներկայացնի 14-ամյա Սաթթին
Նոյեմբերի 18-ին Մոսկվայում առաջին անգամ կանցկացվի Our Generation երգի մրցույթը, որտեղ Հայաստանը կներկայացնի 14-ամյա Սաթի Սարգսյանը (Սաթթի): Այս մասին NEWS.am STYLE-ին հայտնել է պրոդյուսեր Դավիթ Բադալյանը:
Դավիթը մասնակցության առաջարկը ստացել է մրցույթի կազմակերպիչներից, և պրոդյուսերի խոսքով՝ քանի որ այս տարի Հայաստանն առաջին անգամ է մասնակցում մրցույթին, մեր ներկայացուցիչն ընտրվել է ներքին կարգով:
«Մրցույթը մանկական է, մասնակցում են 9-15 տարեկան կատարողները, ընդհանուր առմամբ՝ 16 մասնակից: Ինչ վերաբերում է Սաթթիին՝ նրան տեսել էի «Մանկական Եվրատեսիլի» նախընտրական փուլի ժամանակ, և երբ եղավ մասնակցելու առաջարկը, որոշեցի նրան դիմել»,-պատմել է պրոդյուսերը՝ հավելելով, որ հաջորդ տարիներին, գուցե, հատուկ նախընտրական փուլ կազմակերպեն Հայաստանի ներկայացուցչին ընտրելու համար:
Սաթթին երգով զբաղվում է 2 տարի: Նա Հայաստանը կներկայացնի «Սեր Հայաստանին» երգով, որի տեսահոլովակը կթողարկվի առաջիկայում:
Դավիթը նշել է, որ մրցույթը հեռարձակվելու է «НТВ»-ի ուղիղ եթերում և անցնելու է «Եվրատեսիլ»-ի ձևաչափով: